Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերվել (լուսանկարներ)

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլիի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում  հայկական երկու գերեզման է հայտնաբերվել։

Նշվում է, որ բանվորները տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ։ Նրանք այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն ու Նազիլիի քաղաքային իշխանություններին, փոխանցում է Ermenihaber-ը:

Հաղորդվում է, որ Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա առկա են հայերեն գրություններ։ Ուսումնասիրությունից հետո փորձագետները կարծիք են հայտնել, որ գերեզմանները 17-րդ դարի են, պատկանում են այն ժամանակ Նազիլիում ապրած երկու հայի:

Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ։