Ռուսաստանում կորոնավիրուսը սկսել են բուժել ապաքինվածների արյան փոխներարկման միջոցով

Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին հայտարարել է, որ մոսկովյան բժիշկներն իրականացրել են արյան առաջին փոխներարկումը կորոնավիրուսային վարակից ապաքինված դոնորներից հիվանդներին:

Նրա խոսքով, գործընթացն իրականացվել է Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոցում և Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում: Ռակովան նշել է, որ արտասահմանյան երկրներում բժիշկներն արդեն օգտագործում են այս մեթոդը՝ կորոնավիրուսը բուժելու համար:

«Մենք անընդհատ հետևում ենք այլ երկրների գործընկերների աշխատանքներին, նմանատիպ ուսումնասիրություններ հաջողությամբ անցկացվում են Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում: Հուսով ենք, որ նոր մեթոդը կօգնի մեզ ավելի արդյունավետորեն պայքարել կորոնավիրուսային համավարակի դեմ»,- փոխքաղաքապետին  մեջբերում է «ՌԻԱ Նովոստիին»:

Ռակովան նշել է, որ մեկ դոնորից վերցված պլազման բավարար է կորոնավիրուսով վարակված  մեկից երեք հիվանդների բուժմանը:

Նա կոչ է արել հավանական դոնորներին կարեկցանք ցուցաբերել, քանի որ «ինչքան շատ պլազմա մասնագետները կարողանան  պահեստավորել, այնքան ավելի շատ մարդ կփրկվի»:

Իր հերթին, Սկլիֆոսովսկու ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պետրիկովը նշել է, որ կորոնավիրուսից բուժվածների պլազման հիմնականում փոխանցվում է ծանր հիվանդներին: