Թոքաբորբով հիվանդ է 230, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 10 քաղաքացի. Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային իրավիճակի մասին

Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է՝ կորոնավիրուսի հետ կապված:

«Երեկոյան տվյալներով՝ 50 նոր հաստատված դեպք կա, բուժվել է 26 քաղաքացի: Դեպքերի գումարային թիվը 1523 է: Այս պահին ակտիվ բուժման մեջ է գտնվում 840 քաղաքացի, բուժվածների ընդհանուր թիվը 659 է, մահերի ընդհանուր թիվը` 24: Այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10, թոքաբորբով՝ մոտ 230, արհեստական օդափոխության սարքին միացված՝ 5 քաղաքացի, նրանցից մեկն է, որ բավականին երիտասարդ է` 27 տարեկան, սակայն ունի քրոնիկ բնածին հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե, հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել»,-ասաց նախարարը և նշեց, որ վարակի աճի տեմպը նույնն է մնացել:

«Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Հաշվի առնելով սակայն նոր տնտեսական գործունեությունների թույլտվությունը՝ պետք է մեր զգոնությունը չկորցնենք և աշխատանքները շարունակենք»,-հավելեց նա:

Վարչապետը հետաքրքրվեց նաև, թե ինչ վիճակ է աշխարհում այս առումով, Արսեն Թորոսյանն ասաց, որ տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է: «Այնպես է ստացվել, որ տարբեր երկրներում տարբեր ժամանակներ է վարակը սկսվել: Վարակների և մահերի թիվն ամեն օր ավելի քիչ են, քան նախորդ օրը: Սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում, կարծես թե, Երկիրը վերադառնում է բնականոն հունի: Սակայն կա մեծ դեբատ, քանի որ խոսվում է երկրորդ փուլի մասին և թուլացումների հետևանքով նոր զարգացումների մասին»,-ասաց նա: