ԱԱԾ-ն կզբաղվի՞ ՀԽ նախագահի ֆեյք մահվամբ, կամ՝ Քանի դեռ Սաֆարյանի էջը չի գործում, ապաշխարանքի աղոթքներ անելու ժամանակ ունի

Հիշո՞ւմ եք ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականի իշխանափոխական գործողությունների ժամանակ ՀՀԿ անդամների լուսանկարներով ու անուններով դագաղներ, սգո ժապավեններ ու ծաղկեպսակներ հայտնվեցին ՀՀԿ պատգամավորների տան շեմերին, մահախոսականներ ասվեցին: Կենդանի թաղված լինելու պարսավելի նախաձեռնության թիրախներից էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. մարդիկ ցնծում էին, ուրախանում՝ մտովի պատկերացնելով նախկինների մահը՝ դրանից երանության մեջ ընկնելով: Վստահ եմ, շատերն ուրախ կլինեին, եթե այդ ամենն իրական լիներ: Եվ այդ օրերին քննադատական խոսքեր հնչեցին միայն սթափ դատող, ատելության քարոզչության, զարհուրելի արարքների ֆետիշացման հետևանքները կանխատեսող մարդկանց կողմից և նախկին իշխանական շրջանակներից: Իսկ «հեղափոխությամբ ծնվածների» թե ներքին, թե վերին շրջանակներում ցնծություն էր, թե այդ որքան հեռու կարողացավ հասնել հեղափոխականների մտքի թռիչքը:

Ինչո՞ւ եմ հիշեցնում այս իրադարձությունները, որպեսզի զուգահեռներ անցկացնեմ երեկվա և այսօրվա միջև և գուցե վերլուծություն անելով՝ գիտակցենք, որ երեկվա արածը չքննադատողները, ավելին՝ դրանց մասնակիցներն ու ակտիվ նախաձեռնողները այսօր պետք է նաև համարժեք հակադարձման պատրաստ լինեն: Եվ թերևս դա պետք է լավ առիթ դառնա նախկին մեղքերը գիտակցելու և մեղանչելու համար, ատելության հետագա տարածումը կանխելու համար: Բայց ոչ, պարզվում է՝ ինչ իրենց թույլատրվում է անել, իրենց հանդեպ անելու դեպքում հանցագործություն պետք է որակվի և պատժվի ամենայն խստությամբ: Իրենք դրանից ոչ թե դասեր են քաղում, այլ ավելի մեծ ատելության քարոզ անում, ավելի վայրագ դառնում: Իսկ դա ավելի է խորացնում ատելությունը՝ արժեզրկելով, զրոյի հավասարեցնելով հեղափոխություն կոչվածը, քանի որ ատելությամբ, անհանդուրժողականությամբ, բռնությամբ թավշյա, ժողովրդավարական պետություն չես կարող կառուցել, իսկ եթե հրապարակ դուրս եկածներն իմանային, որ իրենք պայքարում են հանուն բռնատիրության, ատելության, ջրբաժանների, պառակտման, հաստատապես կհաժարվեին Փաշինյանի հետևից գնալու գաղափարից: Իսկ այժմ ունենք այն, ինչ ունենք:

Այն ժա­մա­նակ այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րից գրե­թե ոչ ոք չքն­նա­դա­տեց ատելությունն ու բռնությունը, հակաքրիստոնեական նախաձեռնությունները, հասարակության պառակտումը, սթափ­վե­լու կոչ չա­րեց: Եվ զարմանալի չէ, որ արդեն երկու տարի անց նախկին արած-չարածները շառաչյունով հենց իրենց են ապտակում. ամեն արարք բումե­րան­գի հատ­կու­թյուն ու­նի՝ լավն էլ է վերադառնում, վատն էլ: Հիշո՞ւմ եք, թե ինչ­պես էին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նուն-ազ­գա­նու­նով Գյում­րիում շիր­մա­քար տե­ղադ­րել: Իհարկե, այդ ամենը զազրելի է, անթույլատրելի, բայց գալիս է մի պահ, երբ մտածում ես՝ պետք չէ Աստծո գործերին խառնվել, ամեն մեկն իր արածի համար է հատուցում, և այդ ամենը դեռ չափազանց մեղմ հատուցում է: Հաստատապես Աստված նրանց դեռ ապաշխարելու հնարավորություն է տալիս, և արարքների վերադարձը ընդամենը նախազգուշացում է: Իսկ դրանից դասեր քաղողներ կա՞ն, իրենց տրված հնարավորությունից օգտվողներ կա՞ն: Առայժմ նման պատրաստակամություն չենք տեսնում: Ատելությունն ավելի կատաղի է դառնում, և հիմա էլ հարձակումները նորից Հայ Առաքելական Եղեկեցու, քրիստոնեական հավատքի ուղղությամբ են՝ եկեղեցին, եկեղեցական հովիվներին թիրախավորելու, աստվածամերժ երևույթները բացարձականացնելու, եկեղեցին աղանդավորական կառույցներին հավասարեցնելու միջոցներով: Եվ նորից նախազգուշական պատասխանները չեն ուշանում: 

Երեկ ականատես եղանք, թե ինչպես Առաքելական Եղեկեցու դեմ վայրահաչած, Կաթողիկոսի հասցեին զազրաբարո արտահայտություններ հնչեցրած ՀԽ նախագահի ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտրելու միջոցով՝ նրան մահացած էին հայտարարել: Այսինքն՝ նրա էջը մտնելիս կարելի էր սգո հուշատախտակ հայտնաբերել, որտեղ էջ այցելողները կարող էին մահախոսականներ թողնել: Իհարկե, բոլորիս համար ակնհայտ էր, որ էջը կոտրել են, և հենց դրանով էր պայմանավորված այդ սոցիալական ցանցում բարձրացած մեծ քրքիջը երեկ կեսգիշերին մոտ, ՀԽ նախագահի հասցեին ծաղրուծանակը, նրա հասցեին արված հումորներն ու հնչած անպատվաբեր արտահայտությունները: Չեմ կարծում հավատավոր քրիստոնյան այդպես ուրախանար իսկապես մահացած մարդու համար, անգամ եթե նա Ստյոպա Սաֆարյանն է, բայց էջն այդ կերպով կոտրելու հնարքը և Սաֆարյանի գլխին խաղացած դաժան կատակը բոլորն ընդունեցին որպես համարժեք քայլ նրա էությանը, նրա վարքին ու գործունեությանը: Եվ բոլորն էին մեկնաբանում, որ ինչ ցանել է նա, այն էլ հնձել է:

Իրոք, չէ՞ որ Սաֆարյանը դագաղների, սգո ժապավենների ու ծաղկեպսակների համար ամենաշատ ուրախացողներից մեկն էր: Բայց փոխանակ իր արարքների վրա մտորելը, իր էջի արգելափակման ժամանակն աղոթքների համար օգտագործելը, այդ հանճարը հանցագործության մասին դիմում է ստեղծագործել ԱԱԾ-ին և ՀՀ ոստիկանությանը, որում հետաքննչական իր բոլոր գիտելիքներն ու հմտությունները գործի դնելով՝ փորձել է ուժայիններին ուղղորդել, թե որտեղ փնտրեն ցանցահեններին. «Սույնով ցանկանում եմ նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ Ոստիկանությանը և ակնկալել, որ բարձրագույն ղեկավարության հսկողության տակ կվերցվի քրեական գործի հարուցումն ու դրա նկատմամբ վերահսկողությունը: Հայտարարում եմ, որ այս մի հանցագործությունը ուղղակիորեն կապված է անցած տարվա սեպտեմբերի 6-ին իմ բնակարանի մուտքի վրա իմ վրա տեղի ունեցած ավազակային հարձակման, հեռախոսի հափշտակության ու հարուցված, բայց տակավին չավարտված քրեական գործի շրջանակներում կասկածյալների հետ առաջիկայում սպասվող առերեսումների ու այլ քննչական գործողությունների հետ: Ինձ համար միանգամայն պարզ է, որ դրա թիկունքում կանգնած են նույն պատվիրատուն ու նրա շրջանակները: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ԱԱԾ-ին կհաջողվի արագ բացահայտել արարքի կատարողներին, պատվիրատուներին ու օժանդակողներին»:

Փաստորեն նրա համար միանգամայն պարզ է «հանցագործների» շրջանակը, ճիշտ այնպես երևի, ինչպես Մարտի 1-ի դեպքերի ժամանակ իր համար հստակ էր, որ փոքրահասակ երեխաներ են սպանվել և իր ձեռքում հայտնված կոշիկն իբրև դրա ապացույցն է, ճիշտ այնպես երևի, ինչպես LIVEnews-ի լրագրողի կողմից Հանրային խորհրդին ուղարկված դիմումի հիմքով քննարկում կազմակերպելը, նրա համոզմամբ, կոռուպցիոն գործարքների հետևանք էր: Այս «խորագիտակը» կարծում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ամբողջ գործը թողնելու են և զբաղվեն իր առցանց մահը կազմակերպած կատակասերներով այն դեպքում, երբ այդ ամենը իր ցանածի պտուղներն են ընդամենը: Եվ արդյոք երկակի ստանդարտների կիրառում չի լինի, եթե ոմն Սաֆարյանի համար ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ռեսուրսներ վատնեն, երբ ՀՀԿ-ական պատգամավորների համար նախատեսված դագաղների, ծաղկեպսակների հետքերով որևէ քայլ չձեռնարկվեց: Ինչ է, դիմում ներկայացնող չի՞ եղել: Դե դա էլ գովելի է, նախկին պատգամավորներն իրենց անձն այնքան չեն կարևորել, որքան այս մարդուկը, որին թվում է՝ ամբողջ տիեզերքն իր անձի շուրջ է պտտվում, և որն, ի դեպ, նեղն ընկնելու դեպքում ԱԱԾ-ի փեշերից է կառչում: Այնինչ մինչև իր օգտահաշիվը կոտրելը հայհոյանքների, զրպարտությունների զազրախոսությունների ու վայրահաչոցների հարթակ դարձած իր էջում գրել էր, թե ԱԱԾ-ի հետ հույսեր կապելն անիմաստ է, և ֆեյքերի դեմ պայքարի ծանր պարտավորությունն իր ուսերին էր վերցրել՝ հայտնելով, թե իր ղեկավարած կիբերբանակը վերսկսում է ֆեյքերի ու ֆեյք խմբերի սատկացման պրոցեսը, ինքն էլ ստանձնել էր ցանցահենների ծովակալի պարտավորեցնող առաքելությունը: Բայց ինչպես միշտ է լինում նրա դեպքում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և այդ ծովակալը պարզապես նահատակվեց՝ սույն պատերազմում ջախջախիչ պարտություն կրելով: Դա բավական չէ՞ քեզ համար, Սաֆարյան, որ ոտքերդ վերմակիդ չափով մեկնես, թե քո անձի հանդեպ նողկանքն ավելի ես խորացնելու և մինչև ո՞ւր: Այսօր արդեն նրա դեմ դատարանում մի քանի դատական հայց է ներկայացված իր անվայելուչ պահվածքի, մարդկանց անհիմն վիրավորելու, հայհոյելու, զրպարտելու հիմքով, այսօր արդեն նրա արժեքը հավասարվել է օրերս մինուս 20 դոլարի հասած նավթի արժեքին, բայց նա չի հանձնվում, ուզում է մինչև վերջին կաթիլը հեղինակազրկվել:

Ուրեմն մեզ պե՞տք է այսպիսի խեղկատակ, անպատասխանու, անպարկեշտ պահվածքով, բառապաշարով և ազգային արժեքները ծաղրուծանակող ՀԽ նախագահ: Կարծում եմ հարկավոր է հասարակական պահանջ ներկայացնել նրան այդ պաշտոնից զրկելու պահանջով, եթե մենք ևս չեն ցանկանում ազգովին մինչև վերջ հեղինակազրկվել:

Թագուհի Ասլանյան