Էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած կամ մասնակի վճարած բաժանորդները ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն․ ՀԷՑ

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար.

«Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` մարտ ամսվա սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է:

Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն»:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ավելի վաղ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած։

Սա նշանակում է, որ եթե մինչև ապրիլի 22-ը կոմունալ ծառայությունների դիմաց պարտավորությունը չկատարելու դեպքում տվյալ ծառայությունը մատուցող ընկերությունն իրավունք չուներ դադարեցնել ծառայությունը, քանի որ կար վճարման պարտավարության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը, դրա հետևանքով աշխատանքը կորցնելը, կամ հարկադիր պարապուրդի անցնելը և այլն, ապա ապրիլի 22-ից հետո տվյալ ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն ունի նման իրավասություն: