Քանի շատ ուշ չէ, մերժեք Ադրբեջանի շահերը սպասարկող բանակցությունները, և, ինչպես դուք եք ասում, «դուխով» հաստատեք հայ ժողովրդի միակ դիրքորոշումը

Ինչ փուլային տարբերակի մասին կարող է խոսք լինել, ըստ որի Հայաստանը պետք է զիջումներ անի՝ հենվելով ինչ-որ խոստումների վրա, այն էլ ում խոստումների՝ Ադրբեջանի (կարծում եմ պատասխանատուների հիշողությունը կարճ չէ, և հիշում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմիցս ապացուցել, որ իր խոսքի տերը չի կարողանում լինել)։

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի կողմից Ադրբեջանին արդեն իսկ մեծ զիջում արվել է. 1998 թ. Արցախի` հակամարտության բանակցային գործընթացից դուրս գալը, ինչպես նաև Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության  դե յուրե  չճանաչելը։ Մենք անդադար զիջումներ ենք անում, փոխարենը ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից միայն ագրեսիայի (հիշենք 2016 թ. Ապրիլյան պատերազմը, ինչպես նաև հրադադարի բազմակի խախտումները)։ Այսօր նորից գնալ զիջումների ու մտածել, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, ճիշտ չէ, քանի որ վերջինս սպառազինության տենչը չի հագեցրել։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարությունը փաստում է, որ մեր իշխանությունները պատրաստվում են հայ ժողովրդի համար, մեղմ ասած, անընդունելի զիջումների գնալ, մինչդեռ  Հայաստանի իշխանությունը պետք է այս ընթացքում առաջնորդվեր այն սկզբունքով, որ այլևս զիջում անելու տեղ չունի:

Մերօրյա իշխանությունները շուրջ երկու տարի պնդում էին, որ չկա բանակցություն, չկա փաստաթուղթ, այլ սոսկ քննարկումներ ու կոնսուլտացիաներ են, մինչդեռ Լավրովի խոսքը ապացուցեց, որ կա մի փաստաթուղթ, որի պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թ. հրաժարական ներկայացրեց։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: Հայ ժողովուրդը այդ օրվանից իր վեր բազմիցս ապացուցել է, որ մտադիր չէ իր հողը, իր ժողովրդին հանձնել բախտի քմահաճույքին։ Դա հերթական անգամ ապացուցեց 2016թ., երբ միասնաբար, մեկ մարդու պես բոլորը շտապեցին Արցախ՝ իրենց աջակցությունը ցուցաբերելով մեր հայրենակիցներին։

Ադրբեջանը մինչ օրս ապացուցել է, որ ունակ չէ պահել իր խոսքը, անգամ չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ.-ի 4 բանաձևերի պահանջները՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Պարոնայք իշխանավորներ, 1991-ից ի վեր հայ ժողովուրդը պայքարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման համար։ Պետք չէ մսխել բանակցային գործընթացի այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեինք մինչ ձեր իշխանության գալը։ Հայրենասիրությունը միայն խոսքերի մեջ չէ, այլ գործերի։ Այսօր ձեզ ընձեռված է հնարավորություն հայրենիքին արժանին մատուցել և մնալ պատմության մեջ։ Քանի շատ ուշ չէ, մերժեք Ադրբեջանի շահերը սպասարկող բանակցությունները, և, ինչպես դուք եք ասում, «դուխով» հաստատեք հայ ժողովրդի միակ դիրքորոշումը՝ պահպանել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը։

Ժաննա Ծառուկյան