Լեզվի պաշտպանության ոլորտում շարունակում է «պրիզձեզ» վիճակը մնալ՝ ավելացնելով հայերենից կաղացող «պացիենտների» թիվը

Չնայած սրտացավ լեզվաբանների, գրագետ, հայոց լեզուն բարձր գնահատող և օտարամոլությունից զերծ օգտատերերի ուղղումներին, հորդորներին, այսօր լրատվամիջոցները կապկում են առողջապահական համակարգի կառույցների տրամադրած օտարալեզու բառերով ու սխալ ձևակերպումներով վիճակագրական և այլ բովանդակությամբ տեղեկությունները և նույն կերպ հանրայնացնում՝ ավելի ու ավելի ամրապնդելով մեր բառապաշարում օտար, անբարեհունչ եզրույթները: Կորոնավիրուսը վկա, համավարակի օրերին մեզանում ևս լայնորեն կիրառվող պացիենտ բառից արդեն մարդու սիրտ է խառնում: Հասկացանք, հայերենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սրտի լեզուն չէ, նա հայերի հետ կապված շատ բաներից է խրտնում, ինչն առանձնապես չի թաքցնոմ, բայց լրատվամիջոցները, բացի լրատվություն տարածելուց, նաև պատասխանատու են այդ լրատվության լեզվի համար՝ տրամադրվող տեղեկությունը պետք է լինի գրագետ, հնարավորինս հասկանալի, հայերեն, և եթե կա այս կամ այն եզրույթի հայերեն տարբերակը, ապա լրատվամիջոցը պետք է նախապատվությունը տա այդ տարբերակին: Ի վերջո դեռևս Սահմանադրության կետը, որով սահմանվում է, որ հայերենը ՀՀ պետական լեզուն է, ոչ ոք չի փոխել, և այդ կետը նույնպես պարտավորեցնում է հատկապես պետական կառույցներին բացառապես հայերեն խոսել, օգտագործել հայերեն բառեր և եզրույթներ: Լեզվի մասին ՀՀ օրենքը ևս ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը: Օրենքի հոդված 3-ում նշված է, որ պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

Բայց օրենքի այս պահանջը, սկսած ՀՀ կառավարության առաջին դեմքից, ոչ թե շրջանցվում է, խախտվում, դրանք մեղմ բնորոշումներ են, այլ, թույլ տվեք ասել՝ բռնաբարվում է, լլկվում: Այս հոդվածում մենք միայն մեկ դեպք ենք նշում, բայց դրանք անթիվ են, անհաշիվ:

Ի դեպ, գոյություն ունի նաև կառավարության հաստատած փաստաթուղթ 2018-3023 թթ. լեզվական քաղաքականության պետական ծրագրի վերաբերյալ, որում ևս հստակ ցուցումներ են տրված, որ բոլոր ոլորտներում հայերենի անաղարտությունը գերակա է: Փաստաթղթում նշված է, որ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական պատվերն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս փաստաթղթերն ուղղված են հայերենի պահպանմանն ու զորացմանը: Ի դեպ, դրանում մտահոգություն կա, որ չնայած հայերենի համար իրավական տեսակետից զարգացման ավելի նպաստավոր պատմական շրջան ապրելուն, վերջին տարիներին առաջ եկած տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական ու հոգեբանական նոր իրողություններն ու իրավիճակը բացասաբար են ազդել լեզվի վրա, և առաջ է եկել լեզվաքաղաքականության երկարաժամկետ ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, «հակառակ դեպքում լեզվի պաշտպանությանն ու զարգացմանն ուղղված բոլոր քայլերը նման են միայն այս ու այնտեղ կրակներ հանգցնելուն` լեզվի համար ոչ մի լուրջ հարց չլուծելով»: Լավ է, որ կառավարությունը նկատել ու արձանագրել է եղած խնդիրը և խոստովանել, որ չհամակարգված ու անհետևողական քայլերը այդ ոլորտում ոչինչ չեն բարեփոխի: Բայց վատ է, որ բոլոր այդ արձանագրումները միայն թղթի վրա են, և այսօր հայերենի պահպանության, զարգացման համար ավելի վատթար վիճակ է ստեղծվել. երբեմնի գործող լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվել և վերածվել է կոմիտեի մի ղեկավարի առկայությամբ, որն անգամ այս ու այնտեղ կրակներ չի կարողանում մարել: Դժվար թե ֆեյսբուքյան հորդորակները խնդրի լուծման բանալի լինեն, և կոմիտեի գործունեությունն այս համատեքստում ընդամենը պարապ վախտի խաղալիք է:

Կառավարության հաստատած ծրագրում «Աջակցություն զանգվածային լրատվության միջոցների գրական լեզվի նորմի պահպանմանը» բաժնի հիմնախնդիրներում արձանագրված է, որ ցածր է զանգվածային լրատվամիջոցների լեզվական մակարդակը: Չի ապահովվում հայերենի անաղարտությունը, հաճախադեպ է հասարակաբանությունների, գռեհկաբանությունների, արհամարհական բառերի և արտահայտությունների, ինչպես նաև օտարաբանությունների գործածությունը:  Լրատվամիջոցների լեզվական մակարդակի անկման պատճառներից է նաև մասնագիտական կրթություն չունեցող անձանց լրագրության ասպարեզ մուտք գործելը, ինչպես նաև շատ մասնագետ լրագրողների լեզվական ցածր մակարդակը։ Մտահոգիչ է մամուլում և եթերում թարգմանաբար ներկայացվող նյութերի լեզվի որակը։ Շատ դեպքերում որոշ թարգմանիչներ բնագրի լեզվին հարազատ մնալու համար բառացի պատճենումներ են կատարում՝ աղավաղելով տեքստը: Որպես լուծում է առաջարկվում մասնագիտական աջակցությունը լրատվամիջոցներին՝ նրանցում տեղ գտած լեզվական սխալներն արձանագրելու և ճիշտ ձևերը ներկայացնելու, «Զանգվածային լրատվության միջոցների լեզվական խնդիրները» թեմայով գործնական խորհրդաժողովների կազմակերպման, զանգվածային լրատվամիջոցների համար նախատեսվող լեզվական տեղեկատուի հրատարակման, «Լեզվաշխարհ» պաշտոնական պարբերականի հրատարակման,  լեզվին վերաբերող հաղորդումների, ինչպես նաև լեզվական օրենսդրությանը նվիրված առանձին հաղորդումների կազմակերպման, գրագետ խոսքի մշակույթ ունեցող լրագրողի, հաղորդավարի, հանդիսավարի, հաղորդաշարի, պարբերականի և լեզվական բարձր մակարդակ ապահովող լրատվամիջոցների խրախուսման, գրագիտության ոչ պատշաճ մակարդակ ունեցող և հայեցի լեզվամտածողությանն անհարիր հեռուստառադիոհեռարձակումների հրապարակային քննադատության միջոցով և այլն: Հայեցակարգ կոչվածը երկու տարի է՝ գործում է, ես շատ ավելի երկար եմ լրագրության ոլորտում, և նման որևէ նախաձեռնության ոչ ականատես եմ եղել, ոչ մասնակից: Բնականոն է, քանի որ նշված լուծումներից որևէ մեկը չի արվել, և այս երկու տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ հայերենի նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են առաջվա եռանդով: Ավելին, այժմյան կառավարությունն ավելորդ է համարում բուհերում հայերենի պարտադիր դասավանդումը: Ակնհայտ է՝ խոսքի և գործի տարբերությունը: Չեմ խոսում պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների անգրագետ, ոչ հայերեն խոսքի ու ձևակերպումների մասին, որոնք ծաղրի առարկա են դառնում, մինչդեռ իրավիճակը լացելու է:

Եվ մինչև լեզվի պաշտպանությանը կոչված պետական կառույցները բավարարվում են հորդորակներ տարածելով կամ որ ավելի վատ է՝ լեզվի դեմ ուղղված նախագծեր մշակելով, մինչև լրատվամիջոցները բավարարվոմ են ծաղրուծանակել պաշտոնյաներին, պատգամավորներին՝ իրենց սահմանափակ և տգետ խոսքի համար (ակամա հիշեցի Արարատի մարզպետին, որը գույքագրել էր իր մարզի բնակիչներին), հասարակությունը հետընթաց է ապրում, նրա լեզվամտածողությունն աղավաղվում է, իսկ հայերենը տխուր պարտություն է կրում Հայաստանի Հանրապետությունում, որտեղ տանտիրոջ իրավունքներով է օժտված:

Բայց անդրադառնամ խնդրո առարկային, որն էլ առիթ դարձավ այս հոդվածի համար: Պացիենտ բառին, որը ծագում է լատիներեն patiens «տառապող», «դիմակայող» դերբայից: Օտարալեզու մի շարք բացատրական բառարաններում պացիենտ բառի բացատրությունը հետևյալն է՝ «մարդ, որը բուժվում է կամ բժշկական հսկողության տակ է բուժհաստատություններում, բժշկի, առողջապահական ծառայության մասնագետների կողմից վերահսկվում է նրա բուժման գործընթացը»: Այսինքն, եթե հիվանդը կամ առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեցող մարդը բժշկի վերահսկողության, խնամքի և բուժման ներքո է, համարվում է պացիենտ, եթե ոչ, նրան կարելի է դիմել այլ եզրույթներով, մասնավորապես՝ հիվանդ կամ վնասվածք ունեցող, տուժած և այլն: Նոր կորոնավիրուսի համավարակի օրերին բարձրաստիճան պաշտոնյաների թեթև ձեռքով մեր բառապաշարում ամրագրվեց օտարամուտ պացիենտ բառը, որը նախկինում էլ օգտագործվում էր, բայց հիմնականում բուժհիմնակներում, այդ ոլորտի աշխատակիցների բառանյութում: Իսկ այժմ զանգվածային լրատվամիջոցներով այդ բառը լայնորեն տարածվում է և ականջ ծակող սուլոցով ամրագրվում մեր ենթագիտակցության մեջ, մեզ համար դառնում համագործածական, անգամ եթե մենք հստակ չենք պատկերացնում այդ բառի իրական իմաստը: Ընդ որում, պարզվում է ոչ միայն մենք, այլև արդեն մասնագիտական շրջանակներում են կորցրել այդ բառի իրական իմաստը, քանի որ վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված և ցավոք մահացած մարդկանց վիճակագրական տվյալները ներկայացնելիս՝ ԱՆ լրատվական բաժինները նրանց մասին գրում են որպես պացիենտ՝ մահացել է մեկ, կամ մահացել է կորոնավիրուսով վարակված պացինետ: Այնինչ խոսքը արդեն հստակ հիվանդների կամ վարակակիրների մասին է: Ինչևէ:

Եվ ամենավատն այն է, որ մեր լրատվադաշտը առողջապահական համակարգի լրատվականներից տրամադրած նյութը նույնությամբ՝ առանց խմբագրման տեղադրում է լրատվական հարթակներում, կայքերում:

Ինձ կարող են հարցնել և ֆեյսբուքում այս թեմայով գրառման մեկնաբանություններում հարցնում են՝ եթե ոչ պացիենտ, ապա ի՞նչ եմ ես առաջարկում այդ բառի փոխարեն: Ես չեմ առաջարկում, քանի որ արդեն մասնագետները համարժեք և բարեհունչ համապատասխան բառեր են առաջարկել, որոնք ընդամենը պետք է շրջանառել և ամրագրել հայերենի բառապաշարում: Անգամ լեզվի կոմիտեն ինչ-որ առիթով հպանցիկ անդրադարձել է այդ թեմային՝ կոմիտեի կայքում փոքր հոդված հրապարակելով և ներկայացնելով այդ բառին փոխարինելու եկած և ամենաքննարկվող տարբերակները՝  բուժառու և բուժայցելու:  Հոդվածում նշված է, թե կարծիքներ են հնչում, որ բառերից մեկը գործածելով՝ պացիենտի միայն մեկ իմաստն ենք արտահայտում: Օրինակ՝ բուժառու-ի դեպքում հասկացվում է, որ մարդը միայն բուժում է ստանում: Մինչդեռ հերթական ստուգման գնացած մարդը, որ նույնպես պացիենտ է, բուժայցելու է։ «Սակայն, եթե ԲՈՒԺԱՅՑԵԼՈՒ-ն դիտարկենք մի կողմից «բուժհաստատություն այցելած», իսկ մյուս կողմից՝  «բուժվելու գնացած այցելու», ապա կարծես թե կարտահայտենք պացիենտի հիմնական իմաստները»։

Հոդվածում առաջարկվում են նաև խնամառու կամ խնամյալ, բուժդիմորդ, բուժայցորդ տարբերակները, որոնք սակայն ապրելու հնարավորություն չունեն: Ըստ մասնագետների՝ բուժառուն և բուժայցելուն են դեռևս ամրապնդում դիրքերը: Բայց այդ բառերը, եզրույթներն արդեն կան, որոնք գործածության մեջ դնելով՝ կարող ենք ի վերջո ձերբազատվել օտարամուտ և օտարահունչ պացիենտից: Իսկ ժամանակը կընտրի մեր լեզվին հարիր, մեզ համար ավելի հոգեհարազատ, ականջահաճո և բառի իմաստն ամբողջությամբ արտահայտող տարբերակը:

Ի դեպ, համացանցում պացիենտ բառին համարժեք բառեր փնտրելիս մի տեսագրություն գտա՝ 2015 թ. Ազգային ժողովի նիստերից մեկից, որտեղ կարճ անդրադարձ է արվում պացիենտ բառի համարժեք հայերեն տարբերակներ գտնելուն և կիրառելուն: Տեսագրության մեջ այն ժամանակվա ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագա Արա Բաբլոյանը պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե արտառոց չէ՞ օրենքով օտար բառ ամրագրելը՝ նշելով պացիենտ բառը, ասել է, որ հանձնաժողովում էլ համարժեք հայերեն տարբերակ են փնտրել, սակայն չեն գտել այնպիսի բառ, որն ամբողջությամբ կարտահայտի դրա իմաստը: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն էր հայտնել լավ առաջարկի դեպքում ընդունել այն (տեսագրությունն այս հղումով՝ https://a1plus.am/hy/article/118919):

Այսօր լավ առաջարկները կան, մնում է կառավարության պատրաստակամությունը, բայց, ինչպես երևում է, ԿԳՄՍ նախարարին ամենևին չի անհանգստացնում Արսեն Թորոսյանի բառապաշարը, իսկ լեզվի կոմիտեն էլ, ինչպես նշեցի, առանձնապես կամք չի դրևորում պաշտոնյաներին, լրատվամիջոցներին հորդորակներով դիմելու, մամուլի ասուլիսներով խնդիրը բարձրաձայնելու համար:

Մենք որոշել ենք՝ առաջին ծիծեռնակը կլինել և այսուհետ մեր կայքում պացիենտ բառի փոխարեն կգործածենք հայերեն համարժեքը: Գործընկերներիս խնդրում եմ ԱՆ կառույցներից տրամադրվող տեղեկությունը թարգմանել հայերեն ու նոր հանրայնացնել: Հայերենով չափազանց տգեղ հնչող պացիենտի փոխարեն արդեն նշեցի, որ ունենք բուժառու, բուժայցելու եզրույթները, որոնք կյանքի իրավունք ունեն: Դուք օրինակ դարձեք այդ ոլորտի կառույցների համար ու պարտադրեք, որ նրանք էլ սկսեն հայերեն խոսել, գրել ու մտածել:

Հ.Գ. վերջերս վիվարոտոտոգեյմինգ կամ դրա նման բուքմեյքերական ընկերություններից մեկը, հստակ չեմ հիշում որը, գովազդի՝ իր կարծիքով հանճարեղ տեքստ էր մտածել և տեղադրել նաև դիմատետրում: Ամբողջ ձևակերպումը չեմ հիշում, բայց այսպիսի արտահայտություն կար՝ պրիզ ձեզ, իբրև խաղալու դեպքում կշահեք, «պրիզ» կստանաք: Չասեմ, թե դա ինչպես է հնչում, ռուսերենի որ անվայելուչ արտահայտությանն է նման, և սրան ևս արձագանք չեղավ, իսկ գովազդը տասնյակ հազարավոր դիտումներ ուներ իմ աչքին ընկած ժամանակ: Ստացվում է այս ոլորտում շարունակում է «պրիզձեզ» վիճակը մնալ՝ ավելացնելով հայերենից կաղացող պացիենտների թիվը:

Թագուհի Ասլանյան