Ստեղծվել է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա֊խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը:

Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե֊փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը»,-գրել է Գրիգորյանը: