ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է. վատագույնը դեռ առջևում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կորոնավիրուսի համավարակի մասին նոր մտահոգիչ հայտարարություններ է արել՝ նախազգուշացնելով, որ «վատագույնը դեռ առջևում է». մինչդեռ շատ երկրներ սկսում են թուլացնել սահմանափակող միջոցառումները, գրում է Politico-ն։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը չի հստակեցրել, թե ինչու է կարծում, որ բռնկումը կարող է ավելի վատ ընթացք ստանալ: Որոշ մասնագետներ, սակայն, մատնանշել են Աֆրիկայի միջոցով այս հիվանդության հավանական հետագա տարածումը, որտեղ առողջապահական համակարգերը թերզարգացած են:

«Սա շատ վտանգավոր համադրություն է և այն տարածում է գտել, ինչպես 1918 թվականի Իսպանական գրիպը, որը սպանեց գրեթե 100 միլիոն մարդու»,- ասել է նա լրագրողներին։

«Բայց հիմա մենք ունենք տեխնոլոգիա և կարող ենք կանխել այս աղետը, մենք կարող ենք կանխել այս ճգնաժամը։ Հավատացեք մեզ, վատագույնը դեռ առջևում է։ Եկեք կանխենք այս աղետը։ Սա մի վիրուս է, որի մասին դեռ մարդիկ շատ բան չգիտեն»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում վերջին տվյալներով 2 489 956 է, մահացել է 170 552 մարդ, ապաքինվել՝ 653190-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրներում։