Համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական մի շարք պաշտոնյաների շրջանում

Հայ հոգևորականները` թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի, անտարբեր չեղան և դեռ շարունակում են իրենց, մեղմ ասած, վրդովմունքն արտահայտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ՀՀ հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանի իրականությանը չհամապատասխանող, վիրավորական, հերյուրական ու վարկաբեկիչ ֆեյսբուքյան գրառման , ինչպես նաև դարձյալ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ:

Ի դեպ, միայն Ալեն Սիմոնյանը և Ստյոպա Սաֆարյանը չէ, որ վերջին օրերին քարեր նետեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իսկ վերջինի պարագայում նաև` մեր Եկեղեցու ուղղությամբ: «Թավշյա հեղափոխություն» կոչվածին մասնակցածների, մերձիշխանական շրջանակների կողմից սկսվել է բարոյականություն ու սրբություն չճանաչող, մի կեղտոտ ու ստոր քարոզարշավ ընդդեմ Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու մեր հոգևոր դասի: Նշենք, որ նրանց դեմ քարոզարշավի այս նոր ալիքի առիթը եղավ օրերս News.am-ին Վեհափառ Հայրապետի տված պատասխանը :

Եթե Վեհափառի հրաժարականի կողմնակից ես, ապա ինչո՞ ւ էիր նրանից օրհնություն վերցնում և նրա հետ նկարվում…

Ալեն Սիմոնյանին ուղղված շառաչուն բարոյական ապտակով է հանդես եկել տեր Մաղաքիա Օհանյանը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, մասնավորապես գրել է .

« -Եթե Վեհափառի հրաժարականի կողմնակից ես, ապա ինչու՞ էիր նրանից օրհնություն վերցնում և նրա հետ նկարվում և միթե՞ քաղաքացի Ներսիսյանի հետ Էիր նկարվում, – պ-ն Սիմոնյան։

Զգույշ եղե՛ք և մի՛ մեղանչե՛ք, սթափվե՛ք։

«Մա՛հ, ո՞ւր է քո հաղթությունը, դժոխք, ո՞ւր է քո խայթոցը» (Ա Կորնթ. 15։55)

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։

Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում  պետական պաշտոնյաների շրջանում

«Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:- Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մառազմատիկ բնույթ։ Իսկապես հիասթափված եմ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի։ Էլ չեմ խոսում այն պարզ իրողության մասին, որ խոսողն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Փոխանակ խորամուխ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ասվածին, հասկանալու դրա իմաստը, անբովանդակ ու անպարկեշտ, հախուռն ու անհավասարակշիռ արտահայտություններ։ Հա, երևի Ամենայն Հայոց Հայրապետը մոռացել էր ԱԺ փոխխոսնակից թույլտվություն հարցնել…. դրանով է թերևս բացատրվում անընդունելի ու պատանեկան անպատասխանատու հախուռնությամբ արված գրությունը։ Հազարավոր հրաժարական պահանջողների կողքին կան նաև այդ պահանջին դեմ եղող միլիոնավոր հայորդիներ։ Եվ ի դեպ, ՀՀ-ում քաղաքացի Կտրիճ Ներսիսյան կարծեմ չկա. կաթողիկոսի անձնագրի մեջ, ՀՀ օրենսդրության համաձայն, գրված է Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Սա ուղղակի, առ ի տեղեկություն, քաղաքացի Ալեն Սիմոնյանին` խորհրդածելու համար։

Խորհուրդս է, եթե իհարկե դեռ այն ընդունող կա, սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, պետական կառավարում, ժողովրդավարություն….. թե չէ հենց այսպես, տեղից ելած հայտարարությամբ, ինչպես ասում են, Երուսաղեմ չես հասնի….»:

Սթափվե՛ք, պարոնա՛յք, սթափվե՜ք, մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին, որ դարեր շարունակ երազեցին ավիրել մեր Սրբություն Սրբոցը

Հայոց Հայրապետի և Մայր Աթոռի հանդեպ ոտնձգությունների, քարոզարշավի սանձարձակ հեղինակներին, մասնակիցներին ուղղված դաստիարակչական, սթափեցնող խոսքով իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել նաև տեր Հովել Օհանյանը, որը գրել է

«Ասողին՝ լսող է պետք:

Սթափվե՛ք, պարոնա՛յք, սթափվե՜ք: Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին, որ դարեր շարունակ երազեցին ավիրել մեր Սրբություն Սրբոցը: Եկան, զարկվեցին Աստվածահիմն այդ Վեմին ու կործանվեցին, փշրվեցին, անհետացան դարերի ոլորաններում:

Զգույշ խոսեք, պարոնա՛յք, զգույշ եղե՛ք, ձեր առջև Միածնաէջ Մայր Աթոռն է, ձեր առջև Ազգընտիր Հայոց Հայրապետն է, ձեր առջև Քրիստոսահիմն Վեմն է՝ Տիրոջ Օծյալը:

Ձեր անհեռատեսությամբ ու մանկամտությամբ մի՛ փորձեք զարնվել այդ Վեմին. կփշրվեք… մի՛ փորձեք:

Ասողին՝ լսող է պետք»:

Այո, այլ խնդիր է, թե ասողին արդյոք լսող կլինի՞…

Մի քանի անտեղյակների և անկանոննրի հանցագործ վարքը չի նշանակում, որ ժողովուրդը պահանջում է Հայոց Հայրապետի փոփոխություն

«Ցավալի է տեսնելը, որ մարդիկ (հատկապես որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ) բացարձակ դժվարություն ունեն հասկանալու նաև այն, որ Եկեղեցին մշտապես կատարում է իր հովվական հոգեխնամությունը և Մայրն է իր բոլոր զավակների,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  հայր Գաբրիել Վարդանյանը:- Եկեղեցին մշտապես քարոզել է սեր և հանդուրժողականություն, օգնության պատրաստակամություն. դա Եկեղեցու ավանդական կերպն է: Հերթական անգամ ականատես ենք դառնում մարդկային տգիտության դրսևորման, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարդասիրական քայլը չի ընկալվում համապատասխանաբար:

Հարգելի Ալեն Սիմոնյան, անհարգալից, անշնորք և փողոցային մոտեցում է Հայոց Հայրեպետին ավազանի անունով կոչելը: Մի քանի անտեղյակների և անկանոննրի հանցագործ վարքը (որին այն ժամանակ չտվեցիք Ձեր հեղինակավոր կարծիքը) չի նշանակում, որ ժողովուրդը պահանջում է Հայոց Հայրապետի փոփոխություն, որը չի կարող տեղի ունենալ անգամ շատերի հեռավոր երազներում: Ցավոք սրտի, ոմանք և՛ կույր են, և՛ խուլ. տեսնում և լսում են այն, ինչն իրենց համար է: Մի՛ զլացեք այնքան, ինչքան չեք զլանում Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ոչ հարիր արտահայտվելիս և հետևեք Վեհափառ Հայրապետի ազգաշեն գործունեությանը: Գիտեմ, որ քննադատելը չափազանց հեշտ է, բայց դժվար է ամեն ինչում ազնիվ լինելը:

Լավ կլինի, որ յուրաքանչյուրն իրեն հաշիվ տա որոշակի հայտարարություններ անելիս։ Երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ փուչ ու ամոթալի հայտարարություններ անելով են զբաղված, Հայոց Հայրապետը իր զավակների հովվական խնամքն է իրականացնում։ Այո, ամեն մեկն անում է իր գործը»։

Հայ Առաքելական Եկեղեցու Օծյալ Հայրապետի դեմ ամեն մի հերյուրանք ու չարաբանություն վիրավորանք է ողջ եկեղեցու դեմ

Մեկ այլ հայ հոգևորական` Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքից տեր Տիրատուր Սարդարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայ Առաքելական Եկեղեցու Օծյալ Հայրապետի դեմ ամեն մի հերյուրանք ու չարաբանություն վիրավորանք է ողջ եկեղեցու դեմ։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ ու չի գործում կուսակցությունների կանոններով։ Եկեղեցին աստվածակերտ մարմին է, որը գործել, գործում ու գործելու է Սուրբ Հոգու ներգործությամբ։ Եկեղեցու Օծյալ Հայրապետը քաղաքական գործիչ չէ, որ վախենա քաղաքական իշխանություններից, նրա Իշխանությունը աստվածային ու երկնային է, իսկ այդ իշխանությունը նրան փոխանցելու համար, նրան ընտրում է ոչ թե Հայաստանի բնակչության մի մաս, այլ աշխարհասփյուռ համայն հայ առաքելական եկեղեցու ընտրյալ ու օրինավոր պատվիրակությունը՝ Ազգային Եկեղեցական Ժողովը: Ահա հայոց մեծամասնությունը։ Իսկ հայոց մեծամասնության անունից, ոչ ոք իրավունք չունի խոսելու, բայց միայն այն, ում այդ հայությունը ընտրել է, եւ դա մեր եկեղեցու Հայրապետն է։

Այն արշավը, որ վերջին տարիներին ակնհայտորեն տարվում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, դատապարտված է ձախողման։ Դատապարտված է, որովհետև կառուցված է հերյուրանքների, ստերի ու էժանագույն սպեկուլացիաների ու մանիպուլացիաների վրա։ Այո, փաստերը խեղաթյուրելով, սուտ վկայություններ տարածելով, ապատեղեկացնելով ու հերյուրելով Քրիստոսին էլ խաչ հանեցին։ Բայց Քրիստոս հարություն առավ, որովհետև ստի ոտքերն են կարճ, իսկ ուրիշի համար փոս փորողը ինքն է փոսն ընկնում… Մեր Եկեղեցին առաջին անգամ չէ, որ սուտ երդումների ու սուտ վկայությունների պատճառով հալածվում է։ Բայց մեր Եկեղեցին 1700-ից ավելի տարեկան է, իսկ ո՞ւր են նրանք, ովքեր սուր էին բարձրացնում հոգեւորականի դեմ ու ելել էին Եկեղեցին ոչնչացնելու…

Վերջին տարիների զարգացումը մեր ազնիվ ու արդար ժողովրդի մոտ հույս էր առաջացրել, որ մեր երկիրը ազատվելով անցյալի սխալներից պիտի քայլի ժողովրդավարության, հարգանքի, մարդու իրավունքների արժևորման և այլ բարձր իդեալների հիմքի վրա։ Սա ուրախացնում էր մեզ, մինչև օր օրի, ավելի ու ավելի ականատես չդարձանք, որ «թացն ու չորը» իրար խառնած, ոմանք վրեժխնդրության ճանապարհն են ընտրել ու փորձում են դա իբրև ժողովրդավարություն հրամցնել հանրությանը։ Բայց դա չի անցնի։ Մեր ժողովուրդը միգուցե միամիտ է, բայց մեր ժողովուրդը հիմար չէ։

Մենք, հայ առաքելական քրիստոնյաներս, որ սրբության պես դարերով պահել ենք մեր հայրենիքը ու մեր սրբությունները, հավատում ենք, որ Աստված սիրում է մարդկանց իրենց բազմազանության մեջ․ թե մեղավորների ու թե արդարների համար է ամեն առավոտ արև ելնում, անձրև գալիս, ծառը պտուղ տալիս։ Մենք, հայ առաքելական քրիստոնյաներս, գիտենք ինչ է պատիվ, ինչ է սրբություն, ինչ է հայրենիք, ինչ է ինքնազոհաբերում, ինչ է խնամք, ինչ է հյուրասիրություն, ինչ է հոգևոր սնունդ, ինչ է հալածանք, ինչ է Գողգոթա, բայց գիտենք նաև որ կա հարություն։ Այդ իսկ պատճառով մենք մեզ պարտավոր ենք զգում հարգել յուրաքանչյուր անհատի արժանապատվությունն ու իրավունքը, քաջալերել համերաշխությունը մեր հասարակության մեջ, լինել աղքատի ու կարիգավորի կողքին, հիմնականում դրա մասին չբարձրաձայնելով: Ես հասկանում եմ, որ պոպուլիստական մոլությամբ տարվածների համար այս մոտեցումը անհասկանալի ու անըմբռնելի է։ Բայց թող նրանք էլ հասկանան, որ ժողովրդավարությունը, բազմակարծիք հասարակությունը, իրավունքի երկիրը, միակողմանի ու միան հանրության մի փոքր հատվածի առժամյա իղձերի ու երազանքների իրականացմամբ չի ստեղծվում։

Մեզ համար կարևոր են կառուցողական երկխոսությունը և տարբեր կարծիքների ներկայացուցիչների փաստացի և մարդասեր շփումը: Բայց մենք թույլ չենք տա, որ մեր իրավունքները խախտվեն ու հափշտակվեն։ Հատկապես մեր, բոլոր հայ քրիստոնյաների անունից, առանց մեզ հարցնելու, խոսելու իրավունքը, ոչ ոք ոչ մի քաղաքական գործչի չի տվել ուստի և ոչ մի քաղաքական գործիչ իրավունք չունի իր քիթը խոթելու մեր Եկեղեցուց ներս։ Իսկ եթե տվյալ անձը սրտացավ է ու անկեղծ, ապա կա Եկեղեցում կարգ ու կանոն, ըստ որի նա կարող է գործել։

Չարամիտ ու նենգամիտ նետերը, ուղված մեր եկեղեցու, եկեղեցականի ու իրենց միջոցով Հայ Առաքելական Եկեղեցու ամեն մի զավակի հանդեպ, վերադառնալու են նետերն արձակողին։

Սիրելի Հայ Առաքելական Եկեղեցու ճշմարիտ զավակներ, Հայաստանում եւ Սփյուռքում, Մտավորականներ ու մշակութային գործիչներ, մեծեր ու փոքրեր, այսօր ձեր հոգևոր հայրերին կհալածեն, վաղը ձեզ։ Ոտքի ելեք ու եկեք միասին պաշտպանենք մեր Սրբությունները, մեր Հավատքը, մեր Եկեղեցին, մեր Ինքնությունը, մեր Լեզուն, մեր Մշակույթը։ Թույլ մի տվեք, որ չարը, իր խորամանկ ստերով, ապատեղեկատվությամբ ու սատանայական նենգությամբ, շեղի ձեզ, քանզի «Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց. նմա փառք, յաւիտեանս. Ամէն»»։

Արթուր Հովհաննիսյան