Արևմտյան ժողովրդավարությունն ու լիբերալիզմը չեն հանգեցնի խաղաղության և մարդկության փրկության

Իրանական իշխանությունների ձեռնարկած դադարը օրերս ընդհատվել է, և աշխարհը Թեհրանից լսել է խոսքեր, որոնք թափանցիկ ակնարկներ են պարունակում Հայաստանի հարակից տարածքների ապագայի վերաբերյալ: Սկզբում ապրիլի 9-ին շիաների 12-րդ իմամ՝ Մահդիի տարեդարձի կապակցությամբ հեռուստատեսային ելույթում Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին, ինչպես հայտնում է Mehr News գործակալությունը, խոսել է իբր թե իրանցիների հետ: Սակայն, գործնականում՝ նա խոսում էր ողջ աշխարհի հետ: «Ամբողջ կոմունիզմը, արևմտյան ժողովրդավարությունը և լիբերալ ժողովրդավարությունը, որը գերակշռում է աշխարհում՝ իր պահանջներով, մարդկությանը չեն տարել խաղաղության հաստատման ու փրկության»,- ասել է այաթոլլահ Խամենեին:- Մարդկային հասարակությունը խաղաղություն չի զգում՝ չնայած գիտական ​​բոլոր ձեռքբերումներին և կենսակերպի փոփոխություններին: Չնայած այսպիսի առաջընթացին՝ մարդկությունը պայքարում է հիվանդությունների, անառակության, մեղքերի, անարդարության և խտրականության դեմ: Արդյունքում, մարդկությունը դարձել է գիտության կողմից իշխանությունների չարաշահման զոհը»: Իհարկե, այաթոլլահն այստեղ խոսում է կորոնավիրուսի և համավարակի մասին, քանի որ Իրանում համարում են ապացուցված, որ Covid-19-ը ստեղծվել է արհեստականորեն, ընդ որում՝ ստեղծվել է ԱՄՆ-ում: Պատահական չէ, որ այնուհետև նա նշել է, թե կորոնավիրուսի տարածումը փորձություն է, որը քննություն է դարձել կառավարությունների և երկրների համար:

Այնուհետև այաթոլլահ Խամենեին շարունակել է վերլուծել Արևմուտքի վիճակը: «Այն, ինչ տեղի ունեցավ Արևմուտքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ցույց տվեց նրանց դաստիարակության արդյունքը: Խանութները խցանող, զենքի համար հերթ կանգնող և տարեցների ու հաշմանդամ հիվանդների բուժմանը ուշադրություն չդարձնող մարդիկ. սրանք վերաբերում են այս ժամանակահատվածում արևմտյան հասարակություններում դրսևորված պահվածքին,- ընդգծել է Իրանի Գերագույն առաջնորդը:- Սա արևմտյան տիրակալների քաղաքականության և փիլիսոփայության արդյունքն է, որոնք ներառում են նյութապաշտությունն ու, որպես կանոն, աթեիզմը: ԱՄՆ սենատորներից մեկը Ամերիկայում ստեղծված իրավիճակը որակել է որպես «վայրի արևմուտք», սակայն երբ մենք ասում ենք, որ Արևմուտքը վայրագության ոգի ունի, ոմանք փորձում են ժխտել դա»: Նա մարդկային հասարակությանը միասնության կոչ արեց` հաղթահարելու աշխարհում ամբարտավան ուժերի կողմից ստեղծված անարդարությունը, և հավատարիմ մնալ Աստվածային առաջնորդությանը` իրական արդարության հասնելու համար: Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բացի միասնությունից, արդարության ձգտումը և փրկության ու խաղաղության նախապատրաստումը, իհարկե, ջանքեր են պահանջում, ներառյալ՝ Ամենակարող Աստծո կողմից նշանակված Փրկչի գաղափարներին հետևելը:

Հասկանալի է, որ այաթոլլահի հայտարարություններից հետո, Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ևս ակտիվացել են: Գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Եղիա Ռահիմ Սեֆևին հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի դուրսբերումն ու տեղափոխումը ամերիկյան ռազմաբազաներից վկայում են այն մասին, որ կորոնավիրուսի համավարակից հետո ԱՄՆ-ը ներքին քաղաքականության, անվտանգության և ռազմական քաղաքականության մեջ բախվել է ջախջախիչ շոկի: «ԱՄՆ-ի բանակի կողմից Պենտագոնին ուղղված զեկույցում առաջարկվել է, որ ամբողջ բանակը վերադարձնել խաղաղ ռեժիմին, որպեսզի այն կարողանա հաղթահարել ճգնաժամը»,- հայտարարել է գեներալը ապրիլի 14-ին, հայտնում է Fars News գործակալությունը: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների բանակի՝ տարածաշրջանի մեկ բազայից մեկ այլ բազա տեղափոխելու և Աֆղանստանից ու Իրաքից մի շարք այլ ուժեր դուրս բերելու ջանքերի մի մասը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ճգնաժամի կառավարման գործում լուրջ խնդրի են բախվում ոչ միայն ներքին, այլև ռազմական ասպարեզում՝ անվտանգության և ռազմական ոլորտում վարելով յուրային քաղաքականություն: «Միացյալ Նահանգները պետք է վերանայեն միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրենց անվտանգության և ռազմական քաղաքականության բազմաթիվ միջոցառումներ», – եզրափակել է գեներալ Սեֆևին:

Կարծես թե այաթոլլահ Խամենեիի և նրա գլխավոր ռազմական օգնականի «հայտարարություններին հետևելով»՝ Իրանի ԱԳՆ-ն անցկացրել է արտակարգ խորհրդակցություններ և բանակցություններ, որոնցից, իհարկե, առանձնանում են նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի (երկու անգամ) և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյի Լավրովի հեռախոսային խոսակցությունները: Զարիֆը և Գուտիերեշի, և Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում կորոնավիրուսի բռնկման իրավիճակը, դրա դեմ պայքարի հավաքական մեթոդները և մի շարք այլ հարցեր, ինչպես նաև վերջին իրադարձությունները, որոնք կապված են Աֆղանստանի քաղաքական ճգնաժամի և Եմենում հրադադարի հետ, հայտնում է IRNA գործակալությունը: Ուշադրություն դարձնենք. ՄԱԿ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում, օրինակ, Սիրիայի թեման ընդհանրապես չի քննարկվել: Սա կարող է նշանակել, որ Թեհրանը սիրիական հարցը համարում է քիչ թե շատ լուծված: Ավելին՝ հայտնի է, որ Զարիֆը նաև առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Քաթարի և թուրք գործընկերների հետ՝ Աֆղանստանում քաղաքական իրադարձությունների և կրիտիկական  ​​իրավիճակի մասին, սակայն Թուրքիայի և Քաթարի հետ Իրանի նախարարը չի խոսել ոչ Եմենի, ոչ կորոնավիրուսի մասին: Զարիֆը, այսպես ասած, իր զրուցակիցներին բաժանել է որոշակի կատեգորիաների, ընդ որում՝ ՄԱԿ-ը և Ռուսաստանը Իրանի արտաքին գերատեսչության գլխավոր առաջնահերթություններն են, իսկ Քաթարն ու Թուրքիան՝ երկրորդական: Եթե ​​Զարիֆի բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությանը ավելացնենք այաթոլլահ Խամենեիի և գեներալ-մայոր Սեֆևիի հայտարարությունները, ապա աշխարհը պատկերացում կստանա այն մասին, թե ինչ արտաքին քաղաքական խնդիրներ է լուծելու Իրանը առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում. Արևմուտքի դերի նվազեցում, առաջին հերթին ԱՄՆ-ի՝ ոչ միայն Իրանի շուրջ գտնվող տարածքներում, այլ ամբողջ աշխարհում…

Սերգեյ Շաքարյանց