Արցախի տեղեկատվական համակարգը COVID-19-ի ուղեցույց է հրապարակել

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն: Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝
✅Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
✅Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
✅ Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:
✅Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
✅ Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
✅Օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանել տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
✅Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան: 8. Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):
✅Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ,
✅Հնարավորինս սահմանափակել ներգնա և բացառել արտագնա գործուղումները։
✅Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ԱՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։
✅Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ԱՀ առողջապահության նախարարությանը։
✅Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։
✅Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

Աշխատանքի կազմակերպումը

✅Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, հղի կանանց, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։
✅Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը:
✅Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ԱՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունը:
✅Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, մասնավորապես.
✅ խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
✅ փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),
✅ օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,
✅հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
✅ հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ)
✅խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
✅խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,
✅Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ Աշխատակիցներին պարզաբանել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն կրելու մասին:

Աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ

Ի՞նչ է վիրուսը

🔸Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ:

Որո՞նք են ախտանշանները

🔸Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:

Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

🔸Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.
🔸Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:
🔸Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով:
🔸Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

🔸Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

🔸Վարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային: Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.
🔸Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ)
🔸 Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր
🔸 Քրոնիկ հիվանդություններով անձինք
🔸 Մանկահասակ երեխաներ և նորածիններ

Արցախի տեղեկատվական համակարգ