Վե՛ր ընկեք ձեր տեղը, այլապես հանուն իր հավատի, հանուն իր մայր Եկեղեցու, ոտքի է ելնելու հայոց Հոգևոր Գունդը

«Թավշյա հեղափոխություն» կոչած իշխանազավթումից, աշխարհիկ իշխանության գրավումից հետո ոմանք դրանով չբավարարվեցին, մտադիր են գրավել նաև Հայաստանի հոգևոր իշխանությունը, բայց հենց այդ փորձի ժամանակ ջախջախվելու են, ջարդվելու են նրանց կոտոշները, որովհետև հանուն իր հավատի, հանուն իր մայր Եկեղեցու, ոտքի է ելնելու հայոց Հոգևոր Գունդը:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը չենք մոռացել, չենք մոռացել ոչ այդ շարժման առաջնորդներին, ոչ էլ նրանց ետևում կանգնածներին, նրանց ուղղակիորեն և անուղղակիորեն հովանավորողներին: Չենք մոռացել նաև այդ շարժման առաջնորդների և մասնակիցների հայտարարությունները, կատարած գործողությունները: Ինչպես ասում են, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա միջոցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարկաբեկման փորձերը նոր չեն, տևական ժամանակ առկա են մեր իրականության մեջ: Ոմանք խորամանկորեն ու կեղծավորաբար ասում են` մենք Եկեղեցու դեմ բան չունենք, մենք էլ ենք այդ Եկեղեցու զավակը, մենք էլ ենք քրիստոնյա, մեր բողոքը Կաթողիկոսի դեմ է, վատն է, անարժան է, պետք է փոխվի: Բայց, ինչպես ասում են, ասեղը պարկում չես թաքցնի, ոչ էլ Սատանան կարող է իր կոտոշները թաքցնել, միևնույն է, ասեղը պարկը ծակելու, դուրս է գալու, Սատանայի կոտոշներն էլ, որքան էլ խնամքով թաքցված լինեն, երևալու են:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հանրային խորհրդի նախագահ կարգված Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան հայտնի գրառո՞ւմն էլ է սոսկ Կաթողիկոսի դեմ ուղղված… Երկրի ղեկավարի կողմից նշանակված ու բավական լուրջ պաշտոն զբաղեցնող անձի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն բիզնեսներ վերագրելը, դրանով Եկեղեցու կարգավիճակը, ասենք, կանացի ներքնաշորեր արտադրող ինչ-որ ՍՊԸ-ի կարգավիճակի իջեցնելը Կաթողիկոսի՞ դեմ է ուղղված, թե հենց նույն Եկեղեցու: Դեռ ցինիկաբար, անամոթաբար էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհուրդ է տվել ու նախատել` «Ավելորդ չէ ասել` մոմդ ծախի, եկեղեցու բիզնեսներին տիրություն արա, պետության գործերին մի խառնվի…», և սա` այն դեպքում, երբ Կաթողիկոսն իրականում պետության գործերին չի խառնվել, պատասխանելով News.am-ի հարցին, ընդամենն իր մարդասիրական և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնից բխող դիրքորոշումը, նաև սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա խարսխված Եկեղեցու դիրքորոշումն է արտահայտել մարդու աստվածապարգև կյանքի, դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքի առումով յուրաքանչյուրիս պատասխանատվության, համավարակի այս պայմաններում անազատության մեջ գտնվողներին վտանգավոր այս վարակից։ զերծ պահելու նպատակով ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այլև ազատազրկման վայրերում գտնվող և հասարակության համար վտանգ չներկայացնող բոլոր անձանց խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ` հորդորելով, որ հայրենի իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։ Նույնիսկ յուրաքանչյուր անձ, եթե իսկապես քրիստոնյա է, չի կարող այս դիրքորոշումը չունենալ, էլ չենք ասում` Կաթողիկոսը:

Բայց հիմա, քանի որ Կաթողիկոսը նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ է արտահայտվել, իրենց կեղտոտ բերանները բացած ֆեյքերի և ոչ ֆեյքերի ոհմակը կարծում է, թե հրաշալի առիթ է գտել Կաթողիկոսի և Եկեղեցու դեմ հարձակումների համար, օրվա մեջ մոտ 20 ժամ «Ֆեյսբուքում» և այլուր վայրահաչում, վիրավորում, հայհոյում, զրպարտում, սպառնում է, հնարավոր ամեն կերպ ցեխ է շպրտում Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա: Դե այդ դեպքում լավ իմացեք, այ բաշիբոզուկներ (աշխատեցի ամենամեղմ բնորոշիչն օգտագործել), բոլորդ պատասխան եք տալու, ոչ մեկդ չեք պլստալու:

Պատասխանատվությունից չի խուսափելու նաև Ստյոպա Սաֆարյանը, եթե ողջախոհ ժամկետում (առաջիկա 10 օրում) չապացուցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բիզնեսներով է զբաղվում: Եթե ունի համապատասխան փաստը, ի՞նչն է խանգարում այն հրապարակել, ապացուցել, չէ՞ որ իշխանությունը հիմա իրենցն է , իրավապահ մարմինները, բազմաթիվ դատավորներն էլ` Փաշինյանի, ներկայիս վարչախմբի կամակատարը: Ապացուցելու դեպքում անձամբ ես Սաֆարյանին շնորհակալություն կհայտնեմ, այլապես… Ասե՞մ, թե հասկացավ:

Արթուր Հովհաննիսյան