ԵԽ-ը կողմ քվեարկեց COVID-19-ից տուժած ԵՄ երկրների տնտեսության վերականգնման ծրագրին

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 համավարակի հետևանքներից տուժած Եվրամիության երկրների տնտեսական վերականգնման ծրագրին:

Ըստ հաղորդագրության՝ Եվրախորհրդարանում պաշտպանել են ԵՄ ֆիսկալ միջոցառումները, COVID-19-ի դեմ պայքարի համար իրացվելիության աջակցությունը, ինչպես նաև հավանություն է տրվել Եվրամիության բյուջեով երաշխավորված պարտատոմսերի թողարկմանը:

«Կարևոր է, որ խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեց Եվրոպայի տնտեսական վերականգնման վճռական ծրագրին։ Դա նշանակում է՝ տնտեսության խթանման համար առկա բոլոր ռեսուրսների օգտագործում՝ ներառյալ վերականգնողական պարտատոմսերը, այսինքն՝ միջազգային շուկաներում ֆինանսավորման հնարավորություն։ Մենք պետք է ապահովենք, որ այսուհետ ծախսերը, որոնք յուրաքանչյուր երկիր կրում է այդ ճգնաժամի հետ կապված, բաշխվեն հենց այս պահից»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին։

Եվրոպական տնտեսության վերականգնման համար հավանության արժանացած միջոցառումների փաթեթը Եվրոպական խորհրդի կողմից կքննարկվի ապրիլի 23-ին: