Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կացության ժամկետները երկարաձգվել են. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կացության ժամկետները երկարաձգվել են մինչև հունիսի 15-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Մարտի 15-ից հունիսի 15-ը կասեցնել ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետների լրանալը։ Ինչպես նաև այն ժամկետների, որոնց ընթացքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բնակության վայրի հասցեով հաշվառման են կանգնած կամ գրանցված են բնակության վայրում, սակայն նշված ժամանակահատվածում այդ ժամկետները լրանում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանում մինչև հունիսի 15-ը գործատուները կարող են որպես աշխատակիցներ օտարերկրյա քաղաքացիների ներգրավել, որոնք չունեն աշխատանքի թույլտվություն։