Մոսկվայում սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը․ կուժեղացվի քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը. «ՌԻԱ Նովոստի»

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Մոսկվայում ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 1-ը, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Քաղաքապետի խոսքով՝ Մոսկվայում կորոնավիրուսի համապատկերին սահմանափակումները կանխել են «այս փուլում հիվանդացության պայթյունավտանգ աճը»։

«Սա առաջին համեստ, բայց շատ կարևոր հաղթանակն է, բայց պայքարը չի ավարտվել. համավարակը չի նահանջել»,- հայտարարել է նա։

Մայրաքաղաքի իշխանությունները կուժեղացնեն քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը, որն այժմ իրականացվում է ֆիզիկական անձանց միջոցով, սակայն, քաղաքապետի խոսքով, այսուհետ կիրականացնեն առավելագույնս ավտոմատացված կերպով։

«Մեքենայով ուղևորությունների ժամանակ անցագրային ռեժիմի պահպանումը վերահսկելու համար կգործարկվեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման համար նախատեսված տեսախցիկները և պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայությունը»,-հավելել է Սոբյանինը:

Բացի դրանից, Մոսկվայում կընդլայնվեն անվճար դեղերով ապահովման ծրագիրը։

«Բժիշկները կարծում են, որ ներկայիս պայմաններում հավանականությունը, որ սովորական սուր շնչառական վարակների հետևում կորոնավիրուսն է թաքնված, շատ բարձր է։ Այդ պատճառով պետք է անմիջապես սկսել համարժեք բուժումը»,- եզրափակել է Սոբյանինը։