Եթե կորոնավիրուսի տարածման այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին Հայաստանում կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է և եթե կորոնավիրուսի տարածման այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նաև նշել է, որ բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները:

«Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով:

Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,- գրել է ԱՆ նախարարը՝ գրառմանը կից տեղադրելով լուսանկար: