Փաշինյանը փորձում է իր խոսքի տերը լինել, դե ինչ, ուրեմն` պատերազմում, ինչպես պատերազմում

Այս իշխանությունը հետևողականորեն գործում է մեր ազգային և քրիստոնեական արժեհամակարգի, ավանդությունների, բարոյականության դեմ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ արժեքների դեմ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ սորոսական և այլ ազգադավների, սրբապիղծների վերջին օրերի լկտի, վիրավորական ու զրպարտչական հարձակումների արմատները պետք է փնտրել արժեհամակարգային և աշխարհաքաղաքական տիրույթներում:

«Այս աշխարհի ճարտարապետների» ծրագրով ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից Խորհրդային Միության կործանումից հետո Հայաստանը, ինչպես և հետխորհրդային այլ հանրապետություններ, գտնվում են գիսագաղութացված, Արևմուտքի կողմից գրեթե լիովին նվաճված վիճակում: Դրա սկիզբը դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք, սակայն Արևմուտքի կամ Սատանային ծառայող ուժերի կողմից Հայաստանի հետագա գաղութացման, նվաճման, հայի ազգային ու քրիստոնեական արժեհամակարգի դեմ հարձակումների և մեր Սուրբ Երկրում Չարի հակաարժեհամակարգի ներդրման քաղաքականությունը (այդ թվում նաև`համասեռամոլների, տրանսգենդերների առջև կանաչ լույս վառելով) որակական մի նոր մակարդակի փոխադրվեց «Թավշյա հեղափոխություն» կոչվածով, Նիկոլ Փաշինյանի, նրա վարչախմբի և քաղաքական թիմի` իմքայլականների միջոցով:

Հայաստանում այսօր` առավել, քան երեկ, պետական բոլոր ինստիտուտներն այս կամ այն չափով նվաճված են օտար թշնամու կողմից, ենթարկվում են նրան կամ նրա դրածոներին, Հայաստանի Հանրապետության անկախությունը խիստ մասնակի է: Հայ ժողովրդի հոգևոր սյունը կամ կառույցը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, և մեր հասարակության ու պետության առաջնային օղակն ու հիմքը` ընտանիքը, լինելով շատ պինդ, Չարի և նրա երկրային արբանյակների կողմից ծնկի բերված չեն, հետևաբար պատահական չէ, որ թշնամին իր սուր սլաքներն ուղղել է հենց Եկեղեցու և ընտանիքի դեմ` հրաշալի հասկանալով այդ երկու հենքերի գերկարևորությունը և լրջագույն խոչընդոտ հանդիսանալն իր հակաաստվածային, աստվածամարտ, հակամարդկային և աշխարհակուլ ծրագրերի իրագործման ճանապարհին:

Ով ով, բայց անձամբ ես բնավ չեմ զարմանում, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ հանրային խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանը News.am-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատասխանի համատեքստից կտրված մեկնաբանությամբ աղավաղելով իրականությունը, այլափոխելով կամ նենգափոխելով Կաթողիկոսի կոչի բովանդակությունը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հենց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ օրերս հրապարակել է հերյուրանք, իրականությանը չհամապատասխանող վարկաբեկիչ գրառում, որին արդեն անդրադարձել եմ իմ նախորդ հոդվածով:

Չեմ զարմանում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի առնչությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան հայտնի գրառման առնչությամբ, ախր դա իրենց այնքա՜ն բնորոշ է: Եվ, ընդհանրապես, զարմանալի չէ այն իշխանության ներկայացուցիչների կողմից, որն իր բազմաթիվ թիմակիցներով հանդերձ, չնայած բազմաթիվ բացատրություններին, հորդորներին, խնդրանքներին ու նույնիսկ դաստիարակչական ապտակներին, հետևողականորեն գործում է մեր ազգային և քրիստոնեական արժեհամակարգի, ավանդությունների, բարոյականության դեմ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի հոգևոր առաջնորդ Վեհափառ Հայրապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլ հոգևորականների դեմ, մեր լեզվի, պատմության, գրականության, գիտության դեմ:

Ավելին. Փաշինյանի իշխանությունն իր թիմակիցներով հանդերձ, իշխանությունից դուրս գտնվող իր մանկլավիկներով հանդերձ, անբարոյականների ու ու ֆեյքերի ոհմակով հանդերձ, ձգտում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, խրախուսում, հովանավորում, պաշտպանում է այլասերվածներին ու նրանց «իրավունքների» (տրանսգենդերների կողմից երեխա որդեգրելու «իրավունքին», երեխաների դաստիարակչական հաստատություններում աշխատելու «իրավունքին», այսպես ասած, գեյ-շքերթներ անցկացնելու «իրավունքին», այլասերման քարոզչությամբ հանդես գալու «իրավունքին»…) պաշտպաններին, ներկայիս վարչախումբը նույնիսկ ինքն է ձգտում օրենսդրորեն ամրագրել այլասերվածների նշված «իրավունքները», ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սատանիստական ռոք-խմբի և հակամշակույթի պաշտպան է հանդես գալիս: Սրանք անառարկելի փաստեր են: Ահա սա՛ է նրանց դեմքը, և, կարծում եմ, հասարակության գիտակից հատվածը չի մոռացել, թե ովքեր են նրանք:

Տարակույս չունեմ, որ եթե Ստյոպա Սաֆարյանն ու Ալեն Սիմոնյանը չնչին իսկ կասկած ունենային, որ իրենց ֆեյսբուքյան հիշյալ գրառումների համար կարժանանան Նիկոլ Փաշինյանի նույնիսկ նախատինքին, չէին համարձակվի այդ գրառումները կատարել, բայց իրենք ճիշտ հակառակում են վստահ եղել, այսինքն` վստահ են եղել Փաշինյանի գովեստին, խրախուսանքին, առնվազն լուռ համաձայնությանն  արժանանալու հարցում: Ավելին. արդեն իսկ խրախուսված են եղել թեկուզ որոշ եկեղեցականների նկատմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասածով` «Շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառի թե բուն, թե փոխաբերական իմաստով»։ Դրանից շատ ժամանակ չի անցել, ինչպես երևում է, Փաշինյանը փորձում է իր խոսքի տերը լինել: Դե ինչ, ուրեմն` պատերազմում, ինչպես պատերազմում:

Արթուր Հովհաննիսյան