Հետագիծ՝ ոչ միայն կինոյում

Նա, ով նկարահանում է իսկական վավերագրական ֆիլմ, հերոսներ է գտնում ամենուրեք

Կինոյի կախարդական աշխարհի մնայուն գործիչներից է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:

Արմատները տանում են Նախիջևանի Ագուլիս քաղաքից քիչ հեռու գտնվող Գողթն գավառի Քաղկիկ գյուղ:

Մեծ գերդաստանում ծնված Աղաբեկ Գևորգյանցը 17 տարեկանում մեկնում է Մոսկվա, որտեղ շարունակում է ուսումը:

Գործարարի ունակություններով երիտասարդը շուտով հասնում է մեծ կարողությունների, դառնում հայտնի: Իհարկե, դրան նպաստում է ազնվական ընտանիքից՝ գեղահմա Հեղինեի հետ ամուսնությունը:

Մեծ հարստության տեր գործարարը ստիպված է լինում փոխել ազգանունը, քանի որ գործարաններ ուներ Ռուսաստանում՝ 17, Լեհաստանում՝ 10, մասնաճյուղեր՝ Միջին Ասիայում:

Աղաբեկը զբաղվել է բարեգործությամբ: Հովանավորել է հայրենի գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցին, դպրոցը, հոգացել մոտ 40 աշակերտի բոլոր ծախսերը:

Նրա հովանու տակ են եղել Թիֆլիսի որոշ դպրոցներ:

1917 թ. հեղափոխությունից հետո նոր իշխանությունը բռնազավթում է նրա ունեցվածքը, գնդակահարվում են երկու որդիները, քանդվում է երբեմնի մեծ ընտանիքը, ինչից հետո Աղաբեկը կաթվածից մահանում է:

Որդիներից Ստեփանն ավարտում է Մոսկվայի կինոինստիտուտը, աշխատում Մոսֆիլմում, այնուհետև վերադառնում է Հայաստան՝ Համո Բեկնազարյանի հրավերով:

Նկարահանում է առաջին վավերագրական ֆիլմը դերասանուհի Հասմիկի՝ Հասմիկ Հակոբյանի մասին:

Հետևում են մի շարք ֆիլմեր՝

«Լեռնային արշավ»

«Ամպրոպի արահետով»

«Ուրվականները հեռանում են լեռներից»

«Արտակարգ հանձնարարություն», որը մեկ տարվա ընթացքում երեսուն միլիոն հանդիսական է ունենում: Այս ֆիլմը  մեծ հաջողություն է բերում ռեժիսորին:

1958 թ. նրա նախաձեռնությամբ ձևավորվում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների կազմբյուրոն, որն էլ ղեկավարում է հենց ինքը՝ Կևորկովը:

1967 թ. արժանանում է Հայաստանի պետական մրցանակի, 1970-ին նրան շնորհում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:

Ստեփան Կևորկովը 1945թ. ընտանիք է կազմում Լիա Պողոսյանի հետ:

Այդ ամուսնությունից Երևանում ծնվում է նրանց առաջնեկը՝ Ռուբեն Ստեփանի Գևորգյանցը, որն էլ պետք է շարունակեր կինոյի ընտանեկան հաղթարշավը:

Էս ինչպես եղավ, որ առաջին գիլդայի կուպեցի որդին դարձավ ռեժիսոր, հետո՝ թոռը, ծոռը, կոռը:

Այդպես պետք է լիներ:

Հարուստ կենսագրության տեր այս անձնավորությունը հետագայում պետք է ստեղծեր տասնյակ ֆիլմեր:

2005 թ. նա ընտրվում է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ,

Միջազգային ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիայի ակադեմիկոս:

Նրան շնորհվում է Հայաստանի ժողովրդական արտիստի, Հայաստանի կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահի կոչում:

Ռուբեն Գևորգյանցի ֆիլմերում մարդն է՝ իր անձնական հատկանիշներով, որտեղ պարզ երևում է հեղինակի վերաբերմունքն իր հերոսի նկատմամբ:

Ռեժիսորի հարուստ կինոդարանի ֆիլմերից են՝

«Ներշնչանք», «Ամենալավ մարդը», «Աշխարհումս», «Հայկական շունչ», «Սպաասում»,

«Քանի դեռ ապրում ենք», «Ռեքվիեմ», «Գողը», «Փարաջանով. վերջին կոլաժ»:

Նրա ստեղծած ֆիլմերի մեջ առանձին տեղ է գրավում «Հրաշագործի աշունը» ֆիլմը, որ նկարում է իր որդու՝ Վահեի հետ համատեղ, ինչի համար ստանում է ՀՀ նախագահի մրցանակ:

Ֆիլմը հզոր է, մեկ հարթակի վրա Ռուբեն Գևորգյանցը ներկայացրել է կինոյի մեծերին, ասելիք ունի՝ խոսքը պարզ է, անկեղծ:

Այն փոխեց ներաշխարհս այնպես, ինչպես Տոնինո Գուերոյին՝ Հայաստան այցելելությունը:

Ապրել եմ ուզում ավելի՝ քան երբեք, այն ինձ ուժ տվեց:

Տոնինո Գուերոյի աշնան գույները, մտքերը լվացին անցյալիս ցավերը, հաստատեցին երջանկության մասին իմ պատկերացումները:

Ֆիլմում ասվում է այն մասին, որ լուսնի վրա ման եկող գիտությունը չկարողացավ պահել Ֆելինիի կյանքը, բայց արվեստը հակադրվեց:

Մշակույթի առջև խոնարհվել է պետք, այն անմեռ է:

Ռուբեն Գևորգյանցը հակասական կերպար էր և այդ հակասությունների արդյունքում կամ շատ սիրված էր, կամ հակառակը:

Նա գիտեր ապրել, սիրել, արարել, ատել, ներել:

Սիրում էր իր ազգը, հպարտանում, պատվախնդիր էր, հումորով, իրական ընկեր էր, ուսուցիչ, բացառիկ նկարագրի տեր:

Ստեղծագործում էր երկու լեզվով:

Նրա պոեզիան բացահայտում է շատ գաղտնիքներ:

Նա մի քանի գրքերի հեղինակ է` «Ժամանակ չկա», «Արդարանալու ժամանակը», «Անձրևների ժամանակը», «Փարաջանով»:

Պատմվածքներն ու բանաստեղծությունները նույնքան խոհափիլիսոփայական են, որքան ֆիլմերը:

Նրա տողերում մեղեդի կա:

Թերևս դա է պատճառը, որ երեք բանաստեղծության խոսքերով գրել եմ «Ապրելու համար», «Անվերադարձ» և «Դիմակ» երգերը, որոնք երգացանկիս անբաժանելի մասն են:

Ռուբեն Գևորգյանցը գեղեցիկ հետագիծ թողեց ոչ միայն կինոյում …

Այգուս 70 ծառերից մեկը կրում է սիրված ռեժիսորի անունը:

Սիրանույշ Եղիազարյան