Վարկային կազմակերպությունների դեպքում մեկ նորմատիվ է սահմանվում, Varks.am-ը խախտել է հենց դա (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Արման Եղոյանը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց, թե արդյոք «սև օրվա համար» պետք չէ՞ ունենալ ոսկու կուտակած որոշակի պաշար: Անդրադառնալով վարկային կազմակերպությունների գործունեությանը, Արման Եղոյանը հարցրեց. «Մենք տեսանք Varks.am-ի հետ կապված տխուր միջադեպը. այդ կազմակերպությունը զրկվեց լիցենզիայից: Ի՞նչ եք կարծում, ճիշտ չի՞ լինի հետագայում հատկապես վարկային կազմակերպությունների լիցենզավորման պահանջները ավելի խստացնել»:

«Ոսկին որպես ֆորսմաժորային գործիք դժվար է պատկերացնելը, այսինքն՝ եթե մենք ուզենանք ինտերվենցիա անել ֆինանսական շուկայում, այդ ոսկով ինտերվենցիա չենք կարող անել, ավելի շատ կարող ենք անել ԱՄՆ դոլարով, քան ոսկով, այնպես որ ոսկին իրացվելիության խնդիր չի լուծում»,- ասաց Մարտին Գալստյանը: Անդրադառնալով վարկային կազմակերպությունների հետ կապված հարցադրմանը,  Մարտին Գալստյանը նշեց. «Չհասկացա` դժբախտ պատահարն էն էր, որ Varks.am-ը փակվե՞ց, թե որ կար: Բանկերի պարագայում մեր վերահսկողությունը չափազանց խիստ է, ու բանկերին ստիպել ենք, որ բերեն դնեն 30 միլիարդ դրամի կապիտալ ու անցնեն բոլոր նորմատիվ իրավական պրոցեդուրաներով՝ մի փաստից ելնելով, որովհետև բանկերը գործ ունեն մեր հասարակության ավանդների հետ: Իսկ վարկային կազմակերպություններում մի դրամ մեր հայրենակիցների ավանդ ներդրված չկա: Այդ կազմակերպությունները գործում են իրենց սեփականատերերի ռիսկով ու կապիտալով, ուստի այստեղ գերկարգավորման կարիք չկա: Ինչ վերաբերում է սեփականատերերի ով ու ինչ լինելուն, բնականաբար, դա մեզ համար պարզ է, այդ ինֆորմացիային տիրապետում ենք: Իրենց դեպքում որոշվել է՝ մեկ նորմատիվ է սահմանվում. Varks.am-ի դեպքում հենց այդ մեկ նորմատիվը խախտել են և դա արել են դեկտեմբեր-հունվար ամիսներին, մենք դա պարզել ենք դեկտեմբեր ամսին՝ մեր ստուգման արդյունքում, իսկ Varks.am-ի փակվելը բացարձակ կապ չուներ այս իրավիճակի հետ»,- պատասխանեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում