Եթե կան դեպքեր, եկեք գնանք դրանց հետևից, բացարձակ խնդիր չունեմ, ոչ մի բանով կաշկանդված չեմ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին հարց ուղղեց Կենտրոնական բանկում չարաշահումների վերաբերյալ. «Պաշտոնն ստանձնելուց հետո արյդո՞ք Ձեր նախկին աշխատանքային փորձը և հարաբերությունները գործընկերների հետ չեն խոչընդոտելու, որպեսզի Դուք բացահայտեք նաև այլ չարաշահումներ, որոնք եղել են: Արդյո՞ք սա Ձեզ համար խոչընդոտ չի լինելու և Դուք, ստանձնելով պարտականությունները, պատրա՞ստ եք լինելու բացահայտել այն բոլոր չարաշահումները, որոնք եղել են»: Պատասխանելով Գևորգ Գորգիսյանի հարցադրմանը՝ Մարտին Գալստյանը նշեց. «Բազմիցս հնչում են այդ մեղադրանքները, բայց կուզեի, որ առարկայական լինեին այդ խոսակցությունները: Այսինքն կա՞ առարկայական ինչ-որ բան, որը Կենտրոնական բանկի տիրույթում է, Կենտրոնական բանկն արել է վատ,  քրեորեն պատժելի ձևով, ու մենք դա կոծկում ենք, եթե այդպիսի բան կա, պետք է դիմենք իրավապահներին, գնանք դրա հետևից ու լուծենք այդ հարցը: Եթե այդպիսի բան չկա, ուրեմն ինչ-որ ստվերելու վտանգ եմ այդտեղ տեսնում: Կենտրոնական բանկում աշխատում են անբասիր, մաքուր, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր անում են այս երկրի համար ամենը, ինչ կարող են անել: Եթե կան դեպքեր, եկեք գնանք դրանց հետևից, բացարձակ խնդիր չունեմ, ոչ մի բանով կաշկանդված չեմ ո´չ ես, ո´չ էլ այն մարդիկ, ովքեր այնտեղ կան»:

Մանրամասները՝ տեսանյութում