Այսօր մեր մեծագույն խնդիրն է՝ հաստատել լիարժեք փոխվստահություն ու լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ. վարչապետ

Ոստիկանությունը ցանկացած պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, ու իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ, տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման ու կիրառելիության մակարդակը: Այս մասին կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ոստիկանապետին ու ոստիկանության ողջ անձնակազմին՝ Ոստիկանության օրվա առթիվ։

«Պետք է արձանագրել ու խոստովանել, որ Հայաստանում ոստիկանության ու հանրության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել, դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր։ Այսօր մեր մեծագույն խնդիրն է՝ հաստատել լիարժեք փոխվստահություն ու լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ, ու դա մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ իրենց օրակարգի կարևոր առաջնահերթություններից մեկը, և այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա: «Առաջինը՝ հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ, երկրորդը՝ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը, նաև կարևոր է ոստիկանության իմիջի բարեփոխումը։ Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի ու փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են ՀՀ օրենքը, իրավունքը պաշտպանելիս։