Որքան էլ լավ թուրքեր լինեն, չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կհամաձայնի կամովին վերադարձնել մեր հայրենիքը

Մեր զրուցակիցն է միջազգայնագետ-արևելագետ Արարատ Կոստանյանը

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջերս կոչով դիմելով Հայաստանի քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ հորդորել էր ապրիլի 24-ին «Ֆեյսբուք»-ում իրենց լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հու­շային շրջանակի մեջ առնված Ցեղասպանության զոհ կամ այդ արհավիրքը վերապրած իրենց հարազատների լուսանկարներով, դրա բացակայության դեպքում նրանց  անուն-ազգանունով։ Իսկ հուշային շրջանակի վրա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդունված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի միայն մի մասն էր՝ ես հիշում եմ կամ կը յիշեմ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդունված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի աղավաղումը, այդ կարգախոսից «պահանջում»-ի կրճատումը բուռն քննադատության արժանացավ հանրության շրջանում՝ որակվելով որպես պահանջատիրությունից հրաժարում։ Արդյունքում թանգարան-ինստիտուտը վերանայեց իր որոշումը և պահանջում եմ բայը վերադարձվեց: ՀՑԹԻ-ի պարզաբանման մեջ նշված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկի մեջ՝ դիմատետրում օգտատերերի լուսանկարի փոփոխված տարբերակում հուշային շրջանակի վրա գրել «Հիշում եմ» բառակապակցությունը, հանրության որոշ շրջանակների մեջ թյուր տպավորություն ստեղծեց քաղաքական գծի փոփոխության մասին, մենք որոշեցինք խուսափել հնարավոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների անհանգստությունները և փոխել հուշային շրջանակի գրությունը՝ որպես ձևակերպում օգտագործելով 2015 թ. ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «#Հիշում_եմ_և_պահանջում» կարգախոսը: Ի՞նչ որակում կտաք ՀՑԹԻ-ի այս քայլին, կառույց, որը կոչված է Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործում կարևոր առաքելություն իրականացնել: Հարցը դիտարկենք մերօրյա իշխանությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիական ջերմ հարաբերությունների քարոզչության իրականացման համատեքստում:

– Իմ կարծիքով գոյություն ունի երեք կարևոր հանգամանք, որոնք տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջ այս պատմական հարցի համատեքստում։

  1. Բոլթոնյան կոչն ուղղված Հայաստանի նոր իշխանություններին` ազատվելու պատմական կապանքներից։
  2. ՀՑԹԻ վրիպումը։
  3. Խորհրդարանից հնչեցված «բարի թուրքերի» մասին ակնարկը: Հիշեցնեմ, որ երեկ ԱԺ նիստում անդրադառնալով բռնության հրապարակային կոչը և բռնության կոչի արդարացումը քրեականացնող օրինագծին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայրենասիրական երգի «խփում ենք թուրքին ախպերս ու ես» տողերը մեջբերելով՝ հռետորական հարց հնչեցրեց՝ կարո՞ղ է այս երգը երգողը ենթարկվել պատասխանատվության» և պատասխանեց դրան՝ իմ կարծիքով՝ ոչ: Նրա պատճառաբանությունը հետևյալն է. հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ որոշ թուրքեր հայերին պահում էին իրենց տներում, որպեսզի նրանք ցեղասպանության չենթարկվեն, հետևաբար մենք չենք ասում, որ այդպիսի թուրքերին էլ պետք է սպանել: Այսինքն, երբ հայերն ասում են «թուրք», դա օգտագործում են որպես հոմանիշ «թշնամի» բառին: Պատգամավորի կարծիքով հայերին փրկածները լավ թուրքեր էին, և անմտություն կլիներ ասել, թե նրանց էլ է պետք սպանել:

Հերթականությամբ անդրադառնանք այդ կետերին:

  1. Փաստորեն, Բոլթոնի պաշտոնից հեռացումը չի խանգարել ԱՄՆ-ին՝ հրաժարվելու նրա մարտավարությունից. բոլթոնյան ծրագիրը, բնականաբար, խաղաղություն հաստատելու ամերիկյան պատկերացումն է մեր տարածաշրջանում, որին խանգարում են չլուծված պատմական խնդիրները։ ԱՄՆ-ին հետաքրքրում է իր ազդեցության ուժեղացումը այս տարածաշրջանում և չլուծված խնդիրները չեն նպաստում նրա ազդեցության տարածմանը, որով կկարողանան դիմագրավել Իրանի և Ռուսաստանի ուժեղացող դիրքերին։
  2. Սա կարող էր համարվել վրիպում, եթե գործ ունենայինք նոր կազմակերպության կամ անփորձ երիտասարդական նախաձեռնությունների հետ, սակայն ՀՑԹԻ-ն կայացած և միջազգային համբավ ունեցող կառույց է` իր արհեստավարժ մասնագետներով և հարուստ գրադարանով։ Ավելին, 100-ամյա տարելիցին ստեղծված հռչակագրում հստակ նշված է եղել պահանջատիրության դրույթը, և հարց է առաջանում, թե ի՞նչն է խանգարել այս տարի հրաժարվելու հիշեցման կողքին նաև նշել պահանջատիրության մասին։ Կարծում եմ, որ այս քայլն արվել է հստակեցնելու, թե հասարակությունն ինչպիսի արձագանք կդրսևորի և ինչ ուժգնությամբ։ Ի՞նչ է նշանակում հիշել: Հիշելը ոչ մի գործողություն չի ակնկալում. քաղաքականության մեջ հիշել գոյություն չունի: Այնինչ պահանջը գործողություն է՝ թե քաղաքական, թե իրավական, որը քեզ պարտավորեցնում է այդ ուղղությամբ աշխատել Թուրքիայի և միջազգային հանրության հետ։ Աշխարհում չի եղել ու չի լինելու ոչ մի անփոփոխ սահման, մանավանդ երբ խոսքը վերաբերում է կեղծ պետություններին, ինչպիսին է Թուրքիան։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք և պահանջատիրության հանդեպ մեր աշխատանքները շարունակենք` անկախ այն հանգամանքից, թե ինչ ուժային հարաբերակցության մեջ ենք այսօր Թուրքիո հետ։
  3. Նախ, այն երգը, որը հիշատակեց պատգամավորը, գրվել է Գուսան Տոտիկի կողմից 1993-ին Արցախյան ազատամարտի ժամանակՙ ու դա ոչ մի առնչություն չունի Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ժամանակվա թուրք, քուրդ կամ ալևի հասարակ ժողովրդի կողմից հայերին օգնության փաստի հետ։ Բնականաբար եղել են մարդիկ, որոնք իրենց կյանքը վտանգելով օգնել են իրենց հայ հարևաններին ու ծանոթներին, սակայն թուրքերի և մյուսների մեծ մասը մասնակցել է հայերի սպանդին, թալանին և մինչ օրս յուրացրել մեր ունեցվածքները, և ինչքան էլ լավ թուրքեր լինեն, չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը համաձայնի կամովին վերադարձնել հայերի հայրենիքը և ունեցվածքը։ Բարի արարքի մասին խոսելիս ինչո՞ւ թուրքերը չեն նշում բարի հայերի մասին, ըստ Թաներ Աքչամի, 1915 թ. հունվար-փետրվար ամիսներին օսմանյան գումարտակներում կռվող հայ զինվորներ կային և Սարիղամիշում Էնվեր փաշային մահից փրկողը հայ զինվոր է եղել… բոլորիս հայտնի է, թե դրանից հետո հայ զինվորներին ինչպես վերացրին օսմանյան բանակում։ Ավելին, Վերջիհան Զիֆլիօղլուի գրքում 129 տարեկան Մեհմեդ Էսենը պատմում է, որ ինքն անձամբ է տեսել Արամ Մանուկյանին և Սերոբ Աղբյուրին, ռուսական բանակի հետ Շըրնաք ներխուժման ժամանակ, և Արամ Մանուկյանը նրան անձամբ կոշիկ է նվիրել, երբ տեսել է, որ Էրսենը ոտաբոբիկ է։ Նա պատմել է, թե հայկական զինվորների թիվը մոտավորապես 4000 էր և այդտեղի թուրքերից ոչ մեկին ոչ մի վնաս չեն հասցրել։ Մենք այսպիսի խոսքեր չենք լսել ոչ մի թուրք պաշտոնյայի շուրթերից հրապարակավ։ Հիմա ինչո՞ւ մենք պետք է խաղանք այդ խաղասիրական հուզական դիվանագիտությունը, երբ թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն և հիշենք վերջերս Թուրքիայի կրած պարտությունը։ Թուրքիան միայն նստում է բանակցությունների, երբ իր դիմաց անկոտրում ուժ և դիրք ունեցող պետություն է տեսնում։ Մեր պետական այրերին հարկավոր է ավելի լավ ուսումնասիրել Թուրքիայի պատմությունը։

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ շատ հնարավոր է՝ մեզ պատրաստում են նոր բանակցությունների Թուրքիո հետ առանց նախապայմանների՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը դրսից, մեր իշխանությունները ներսից, և այս քայլերը հավանաբար հասարակական տրամադրություններ շոշափելու նպատակ են հետապնդում:

Լավ, մեր իշխանությունների շահը ո՞րն է, մանավանդ իրենք տեսնում են խաղաղասիրական, բարիդրացիական հորդորներն ու ձեռքմեկնումները միակողմանի են և միջազգային հարթակներում ավելի են թուլացնում իրենց, հետևաբար մեր պետության դիրքերը:

Ես կարող եմ մի ենթադրություն անել, որ իշխանության եկած սերնդին տարիներ շարունակ կրթել են այդ ոգով, պատահական չէ, որ նրանց մի մասը արտասահմանում տարիներ շարունակ մասնակցել է ինչ-որ սեմինարների, միջոցառումների, որոնց ֆինանսավորողները աշխարհաքաղաքականության հայրերն են, կասկածելի հիմնադրամները և նրանց միջնորդությամբ ու ֆինանսավորմամբ այդ սերունդը դաստիարակվեց ժողովրդավարության, խաղաղասիրության, աշխարհաքաղաքացի լինելու կեղծ արժեքներով, իսկ ազգային ամեն արժեք իբրև կարծրատիպ ոչնչացվեց նրանց մտածելակերպից: Պատահական չէ, որ նրանք չեն ընդունում հայրենիքի գաղափարը, նսեմացնում են արցախյան հերոսներին: Իրենց մեղավորությունը դա է, իսկ ժամանակին նրանց չկարողացան զերծ պահել դրանից և բերել ազգայինի դաշտ: Հաշվարկներ չարվեցին, որ կգա այդ օրը, երբ այդ սերնդի մտածելակերպը կփորձեն ժողովրդին պարտադրել: Եվ հիմա մենք այդ ամենի պտուղներն ենք տեսնում: Ի վերջո այդ հիմնադրամները, որոնք ֆինանսավորել են նրանց կրթությունը, դաստիարակությունը, իրենց հաշվարկներն ունեին, որոնք այսօր սկսել են կյանքի կոչել:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը