Եվրահանձնաժողովը կարգադրել է առանձնացնել կորոնավիրուսով վարակվածների կենսագործունեության արդյունքում գոյացած աղբը

Նոր տեսակի կորոնավիրոսով վարակվածների կենսագործունեության արդյունքում գոյացած աղբը պետք է դրվի առանձին պարկերում, որոնք անպայման պետք է ամուր փակված լինեն, հայտնում է DW-ն ՝ հղում անելով կորոնավիրուսի համավարակի ընթացքում աղբի հավաքման վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրահանգին։

Նշվում է, որ արդեն օգտագործված պաշտպանիչ հագուստը, դիմակները և ձեռնոցները նույնպես պետք է առանձին աղբի համար նախատեսված պարկում պահվեն։ Եթե այդ պարկերն ամուր փակված են, ապա դրանք կարելի է սովորական աղբի հետ նետել։

Եվրահանձնաժողովը նշում է, որ աղբահանությամբ և թափոնների վերամշակմամբ զբաղվող ընկերությունների համար համավարակը շատ բարդություններ է ստեղծել․ փոքրաթիվ աշխատակիցները ստիպված են «բժշկական» աղբի հեռացման անընդհատ ավելացող աշխատանքները կատարել։ Միևնույն ժամանակ աղբի կանոնավոր հեռացումը, ինչպես նաև աղբի տեսակավորումը կարևոր է համավարակի դեմ պայքարի գործում։

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է արել երկրի բնակիչներին փորձել նվազեցնել աղբի քանակը և առավել շատ ուշադրություն դարձնել դրա տեսակավորման վրա։ Այս ընթացքում Գերմանիայում աղբահանությամբ զբաղվող ընկերությունները բողոքում են պաշտպանիչ հագուստի ու ախտահանող միջոցների անբավարարությունից։

Աղբյուրը՝ Թերթ.ամ