ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու Թրամփի որոշումը. «ՌԻԱ Նովոստի»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի`Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցման մասին: Նա իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ ԱՀԿ-ը, իբր, ժամանակին տեղեկատվություն չի տվել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև համաշխարհային հանրությանը չի ներկայացրել ճշմարտությունը:

«Այժմ ժամանակը չէ կրճատել ռեսուրսները Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ որևէ այլ մարդասիրական կազմակերպության գործունեության համար, որը պայքարում է վիրուսի դեմ», – ասված է Գուտերեշի հայտարարության մեջ:

Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, միջազգային հանրությունը պետք է միասին աշխատի`դադարեցնելու համաճարակը և վերացնելու դրա «ավերիչ հետևանքներ»:

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ ամերիկյան առաջնորդը  հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը: Մինչ այդ  բազմիցս քննադատել էր ԱՀԿ-ին՝ իբր «Չինաստանի վրա ԱՀԿ-ի չափազանց կենտրոնացվածության  համար», չնայած ԱՀԿ-ն ԱՄՆ-ից ստանում է ֆինանսավորման առյուծի բաժինը: Այդ կապակցությամբ նա խոստացել էր վերանայել ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Թրամփի դիրքորոշումը, կոչ է արել ձեռնպահ մնալ կորոնավիրուսի թեման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործողությունները քաղաքականացնելուց: