Նոր կորոնավիրուսով կենդանիներին վարակելու ու նրանցից վարակվելու հնարավորությունը

Գրեթե ողջ աշխարհը ճարակած նոր կորոնավիրուսային համավարակի առնչությամբ երբեմն զարմանալի հայտարարություններով է հանդես գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Չինաստանից վերջերս տեղեկատվություն եղավ, թե Ուհանում հետազոտված կատուների 15%-ը վարակված է նոր կորոնավիրուսով։ էլեկտրոնային bioRxiv գրադարանում հրապարակված հոդվածով տեղեկացվում է, որ չինացի անասնաբույժներն Ուհանում ապրող 100 թափառող և տնային կատուներից վերցված նմուշների անալիզներ են արել ու հայտնաբերել, որ նրանց 15%-ը վարակված է նոր կորոնավիրուսով։ Թե Ուհանի հիշյալ կատուներն ումից կամ ինչի՞ց, ինչպե՞ս են վարակվել, մասնագետներին դեռ հայտնի չէ:

Մեկնաբանելով վերոնշյալ տեղեկատվությունը, ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչն օրերս ՏԱՍՍ-ին ասել է, որ առայժմ չկան վկայություններ կենդանիներից մարդուն վարակի փոխանցման:

«Մենք տեղյակ ենք, որ COVID-19-ով պացիենտների տնային կենդանիներն առանձին դեպքերում վարակվել են այդ հիվանդությամբ,- ասել է նա:- Այնուամենայնիվ, այս պահին վկայություններ չկան, որ տնային կենդանիները տարածում են հիվանդությունը»,- ասել է նա։

Այո, կարելի է գրեթե վստահաբար ասել, որ Ուհանի COVID-19-ով հիշյալ պացիենտներն իրենց կատուներից չեն վարակվել: Դրա չնչին հավանականությունը կլիներ կատուներին տանից դուրս, զբոսանքի տանելու դեպքում, սակայն հիշենք, որ Ուհանից մարդկանց երկար ժամանակ չէր թույլատրվում տանից ընդհանրապես դուրս գալ: Այս դեպքում պարզ է, որ կատուներն են վարակվել իրենց տերերից, սակայն եթե հնարավոր է կատուների, ի դեպ, նաև այլ կենդանիների վարակումը մարդկանցից, ապա տրամաբանական է, որ մարդիկ էլ կարող են վարակվել նույն տեսակի կենդանիներից:

Յազարևիչի ասելով, ԱՀԿ-ն «ազգային իշխանությունների և Կենդանիների առողջության պահպանության համաշխարհային կազմակերպության (OIE) հետ այդ դեպքերի մանրամասն մոնիթորինգ է կատարում»։ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ նոր կորոնավիրուսի տարածման հիմնական ճանապարհը «մարդուց մարդուն փոխանցումն է»:

Ըստ Յազարևիչի, ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսով հիվանդ մարդիկ պետք է սահմանափակեն տնային կենդանիների հետ շփումները, երբ խնամում են նրանց, ինչպես նաև հետևեն հիգիենայի հիմնական կանոններին: Մեր կողմից նշենք, որ «տնային կենդանիներ» ասելով, այս դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն տանը պահվող կենդանիները, այլև դրսում գտնվողները` կատուներ, շներ և այլն: Հիվանդ կամ նոր կորոնավիրուսով վարակված մարդը, որը տեղյակ է իր վարակված լինելու մասին, պետք է տնային կենդանուն իրենից կամ իրեն տնային կենդանուց մեկուսացնի, չմեկուսացված կենդանուց առնվազն 4 մետր հեռավորություն պահպանի և, միաժամանակ, պարտադիր օգտագործի շնչադիմակ կամ ռեսպիրատոր, միայն այդ վիճակում պատրաստի կերակուրը, ընդ որում, ձեռքերը հուսալիորեն ախտահանելուց հետո:

Կենդանիներից նոր կորոնավիրուսով մարդու վարակվելը հնարավոր է համարել ռուսաստանյան մասնագետներից Միխայիլ Շելյակովը: RT-ի հետ զրույցում բարձրագույն կարգի անասնաբույժն ասել է, որ տնային կենդանիները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով, սակայն նույնիսկ վարակված չլինելու դեպքում տեսականորեն կարող են SARS-CoV-2 վիրուսները փոխանցել` այն կրելով իրենց մարմնի վրա: Մասնագետը նշել է, որ կորոնավիրուսը կարող է երկար ժամանակ պահպանվել կատուների, շների մորթու վրա:

«Օրինակ, դուք շան հետ դուրս եք եկել փողոց զբոսնելու, նա մոտեցել է կորոնավիրուսով հիվանդ մարդու, իսկ երբ տուն եք եկել, ձեր երեխան շոյել է շանը, իսկ հետո հպվել է իր դեմքին, որից հետո տեղի է ունեցել վարակում»,- ասել է Շելյակովը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք մեր հրապարակումներից մեկում, Հոնկոնգում թեստի արդյունքում հաստատվել է սեփականատիրոջ կողմից կորոնավիրուսով շան վարակման դեպքը: Կորոնավիրուսով ախտորոշված ​​սեփականատիրոջ հոսպիտալացումից հետո շունը կարանտինացվել է: Վիրուսի հետքերը հայտնաբերվել են կենդանու արյան մեջ:

«РИА Новости»-ին 10 օր առաջ տեղեկացրեց, որ Նյու Յորքի Բրոնքսի շրջանի գազանանոցում 4-ամյա մալայզիական էգ վագրը վարակվել է նոր կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Վայրի բնության պահպանության ընկերությունը (WCS): Մասնագետները կարծում են, որ «Նադի» անունով վագրը վարակվել է կենդանաբանական այգու այն աշխատակցից, որն այդ պահին չունենալով հիվանդության ախտանշաններ, խնամել է կենդանուն: Վագրից վերցված փորձանմուշի թեստավորումը տվել է SARS-CoV-2-ով վարակվածության դրական արդյունք: Ինչպես նշված վագրի, այնպես էլ նրա քույր Ազուլի, երկու ամուրյան վագրերի և երեք աֆրիկյան առյուծների մոտ սկսվել է չոր հազ:

Արթուր Հովհաննիսյան