Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձը 20 տոկոսով կկրճատվի. «ՌԻԱ Նովոստի»

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով:

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով:

«Այսօր կարող եմ հաստատել, որ ես, նախարարները, պետական ծառայողական մարմինների ղեկավարները գնում ենք առաջիկա վեց ամսվա ընթացքում աշխատավարձի 20 տոկոսի կրճատման»,-ասել է վարչապետը:

Իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ երկրում նորզելանդացիները կորցնում են իրենց աշխատանքը, կրճատվում են աշխատավարձերը:

Նոր Զելանդիայում, վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածության 1 386 դեպք է գրանցվել, 728 մարդ ապաքինվել է: Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 100-ով: Մահացության ցուցանիշը մնացել է նույնը: Վարակից մահացել է 9 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 66 հազար 499 թեստավորում: Նախօրեին Նոր Զելանդիայի իշխանությունները 3-րդ անգամ երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: