Արցախյան ընտրությունները աշխարհի համար ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու օրինակ են. Վլադիմիր Զախարով

Արցախի համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Վլադիմիր Զախարովն այսօր մամուլի ասուլիսում ամփոփել է քվեարկության ընթացքը:

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ Վլադիմիր Զախարովն ասել է, որ այցելելով տարբեր ընտրատեղամասեր, այնտեղ տեսել է ընկերասեր մարդկանց, ովքեր կատարում են իրենց քաղաքացիական պարտքը:

«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրոդ փուլն անցել է ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ, մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում եմ՝ արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- ավելացրել է Վ. Զախարովը: Նա շնորհավորել է Արցախի Հանրապետությանը՝ ընտրությունները կայացած համարելու համար: