ԱՄՆ-ը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը:

Թրամփի խոսքով ՝ ԱՀԿ-ն ժամանակին տեղեկատվություն չի տրամադրել, ինչպես նաև համաշխարհային հանրությանը չի ներկայացրել ճշմարտությունը:

«ԱՀԿ-ին չի հաջողվել կատարել այս հիմնական պարտականությունը և պետք է պատասխանատվության ենթարկվի: Ժամանակը հասունացել է՝ տասնամյակներ հետո», – ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է կազմակերպությանը՝ Ուհանից ստացված հավաստի տեղեկությունները չհետաքննելու համար, որոնք հակասում են Չինաստանի իշխանությունների պաշտոնական տեղեկություններին: «Գոյություն ունեին հավաստի տեղեկություններ 2019-ի դեկտեմբերին մարդուց մարդուն փոխանցման հնարավոր տարբերակի վերաբերյալ, ինչը պետք է դրդեր ԱՀԿ-ին՝ անհապաղ հետաքննություն անցկացնել», – ասել է նա:

Թրամփի խոսքով՝ կազմակերպության անգործության հետևանքով շատ ժամանակ է կորսվել: Եթե ԱՀԿ փորձագետները ժամանակին Չինաստան գործուղվեին՝ իրավիճակը գնահատելու համար, ապա վիրուսի բռնկումից, մեծ թվով զոհերից և տնտեսական հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել, համոզված է ԱՄՆ նախագահը: Բացի դրանից, կազմակերպությունը պնդում էր, որ պետք չէ կասեցնել օդային փոխադրումները:

«Ամերիկան և աշխարհը որոշել են վստահել ԱՀԿ-ին՝ ճշգրիտ և ժամանակին տեղեկատվություն ստանալու համար, կարևոր առաջարկություններ անելու և առողջապահական որոշումներ կայացնելու համար: Եթե մենք չենք կարող դրան վստահել, իսկ սա այն է, ինչ ունենք ԱՀԿ-ից, մեր երկիրը ստիպված կլինի գտնել ուրիշ տարբերակներ այլ երկրների հետ աշխատելու համար, որպեսզի առողջապահական ոլորտում  հասնենք մեր նպատակներին: Մենք այլ ընտրություն չունենք»,  ասել է Թրամփը:

«Մենք կշարունակենք շփումները ԱՀԿ-ի հետ` պարզելու համար, թե արդյո՞ք նրանք կարող են առարկայական բարեփոխումներ իրականացնել»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ, ամերիկյան առաջնորդը բազմիցս քննադատել էր ԱՀԿ-ին՝ «Չինաստանի վրա չափազանց կենտրոնացվածության համար», չնայած ԱՀԿ-ն ԱՄՆ-ից ստանում է ֆինանսավորման առյուծի բաժինը: Այդ կապակցությամբ նա խոստացել էր վերանայել ԱՀԿ-ի ֆինանսավորումը: