Ասա ինձ, հոգնած հավիտենություն. Համո Սահյան (տեսանյութ)

Հոգնել եմ արդեն հանդարտ խոսելուց,

Իմ մտքերի հետ մթնում խոսելուց

Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց՝

Հոգնել եմ արդեն:

Այսօր մեծանուն բանաստեղծ, հայ գրականության անմար աստղ, թարգմանիչ Համո Սահյանի ծննդյան օրն է:

Համո Սահակի Գրիգորյանը ծնվել է Սիսիանի Լոր գյուղում 1937 թ. ապրիլի 14-ին:

Մի անգամ ծննդյան տարեդարձի հրավիրատոմսի վրա գրում է.

«Իմ ծննդյան հարյուրամյակին ես ձեզ հրավիրում եմ իրիկնահացի. Եկեք՝ զրուցենք իմ անցած ու ձեր անցնելիք ճամփեքի մասին. ինչ թողեցի ես, ինչ ստացաք դուք ինձանից, ինչ եք թողնելու ձեզանից հետո»:

Սյունիքի որդին թողեց հզոր գրական ժառանգություն, սովորեցրեց ապրել, խորհել, ներել,աղոթել, խոսել, հաց կիսել, սիրել սեփական երկիրը, հողը:

Հայաստան ասեմ, շիկնեմ ամոթից,

Հրճվանքից հալվեմ և արցունք դառնամ….

Սահյանն անհատակ ծով էր, ում համար Մեծն Շիրազն առասպել էր.

Իմ բանաստեղծ ընկերն է նա՝

Մտքով խորունկ, հոգով պայծառ,

Ծերունու պես բազմահմուտ,

Պատանու պես հոգով կայտառ,

Համո Սահյանն ասավ՝ Շիրազ,

Դու անտառ ես, ես բարդի ծառ,

Թող մի քիչ էլ ես սոսափեմ

Քո շառաչուն ծառերի հետ:

Նրա համար նախընտրելին իսկականն էր:

«Ոմանց թվում է, թե կեղծ ավանդականն ավելի լավ է, քան իսկական նորաձևությունը: Ոմանց էլ ընդհակառակն է թվում:

Ինձ համար նախընտրելի է իսկականն ամենուրեք: Ասել եմ ու ասում եմ, եղել եմ, կամ ու լինելու եմ այսպես կոչված դասական ավանդների կողմնակից քնարերգության մեջ: Գտնում եմ, որ այդ ավանդները չեն սպառել իրենց զարգացման հնարավորությունները:

Ես փորձել եմ ինձ տրվածի չափով թարմացնել ու հարստացնել այդ ավանդները»:

Նրա տողերը ծնում են մեղեդի: Երգահան Սասուն Պասկևիչյանի երգացանկում մի առաձին տեղ է գրավում «Հայաստան» ստեղծագործությունը, որը դարձել է հիմն մայրերին.

Իմ կյանքի գինն էիր, դու իմ ծիր կաթինն էիր,

Դու իմ բաժինն էիր, և իմ բագինն էիր,

Խառնված էիր դու շնչին իմ, էությա՜նս, մա՜յրս,

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

Նա համոզված էր, որ ապրելու ենք, քանի աշխարհը կա, այդ աշխարհում մարդկություն կա, մարդկության մեջ՝ մարդկայնություն:

Պոետներին ընտրում է Աստված, և հենց դա է պատճառը, որ նրանք չեն մեռնում: