EASA-ի զեկույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերաբերյալ եղել է 42 դիտողություն. ՔԱԿ նախագահի տեղակալ

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (EASA)-ի զեկույցում եղել է 42 դիտողություն: Այս մասին հեռավար կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը:

«Սրանք ես չեմ կարող անվանել թերություններ, որովհետև ընդհանուր առմամբ նրանց այցը զուտ գնահատման այց է եղել և ոչ թե աուդիտ, արձանագրած 42 դիտողությունից 18-ին մենք արդեն արձագանքել ենք: Այսինքն կարելի է ասել՝ պատասխանել ենք բոլորին, քանի որ դրանց մեջ կային կրկնվող հարցեր: Քանի որ նրանց այցն էլ կարճատև էր, պատասխաններն արագ ներկայացնելու հնարավորություն չենք ունեցել, ուստի, դրանք ներկայացվել են գործակալություն»,- ասաց Գալուստ Պողոսյանը:

Նա անդրադարձավ Քաղաքացիական ավիացիայի՝ միջազգային կազմակերպության (ICO) 2015 թ. արված աուդիտի և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (EASA) նախորդ տարվա ստուգումների համեմատությանը: Պողոսյանը նշեց, որ անձամբ ներկա է եղել 2015 թ. աուդիտին, որը տևել է 15 օր: «ICO-ի կողմից ժամանակ է տրվել, որ մենք պատասխանենք հարցերին: ICO-ն ոչ թե գալիս է կոնկրետ խնդրի համար, այլ գալիս է տեսնի՝ ինչքանով է այդ կառույցը համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը չի կարելի ասել EASA-ի մասին: Այն չի եկել նախապես աուդիտի, չի ներկայացվել հարցաթերթիկ, եկել է կոնկրետ խնդիրը գտնելու և իմացել է, թե այդ խնդիրը որտեղ է»,- պարզաբանեց Պողոսյանը և հավելեց, որ ICO-ն ինդուստրիալ ստուգում չի իրականացրել, այլ կատարել է ճանաչողական այց, որի ընթացքում եղել են հարց ու պատասխան ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ ՔԱԿ ղեկավարի տեղակալի՝ կարիք չկա համեմատական անել ICO-ի EASA-ի այցերի միջև, դրանք տարբեր գործընթացներ են: