Թուրքիան աշխարհում ևս մեկ թշնամի ձեռք կբերի

Ապրիլի 9-ին «Middle East Eye» տեղեկատվավերլուծական պորտալը  (MEE, «Մերձարևելյան աչք», քաթարամետ պարբերական, շտաբ-բնակարանը Լոնդոնում) սենսացիոն լուրեր է հաղորդել, և եթե դա հաստատվի՝ աշխարհը իրավունք կունենա ենթադրել, որ հակաթուրքական ուժերի ճամբարն ընդլայնվում է: Մեջբերելով իր «իրազեկ աղբյուրներին»՝ MEE-ն պնդում է, որ Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամադ բին Զայեդ ալ-Նահայանը, իբր, «իր նախաձեռնությամբ» փորձել է համոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հարձակվել Իդլիբում գտնվող թուրքական զորքերի վրա՝ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև մարտի 5-ին Մոսկվայում Սիրիայի հյուսիս-արևմուտքում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը: Հաղորդվում է նաև, որ Դամասկոսի համաձայնության դիմաց ԱՄԷ-ի փաստացի ղեկավարը, իբր, տպավորիչ գումար է խոստացել ԱՄՆ դոլարով:

Մենք նույնպես որոշել ենք ստուգել որոշ լուրեր: Արդյունքում հնարավոր եղավ պարզել, որ տարօրինակ լուրը տարածելու պատճառն այն է, որ մարտի 5-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից մի քանի օր առաջ ԱՄԷ-ի ղեկավարը Դամասկոս է ուղարկել իր բարձրաստիճան դեսպան Ալի ալ-Շամսիին՝ Ալ-Ասադի հետ ինչ-որ գործարք քննարկելու համար: MEE պորտալի վարկածով, արքայազնը Սիրիայի նախագահին առաջարկել է 3 միլիարդ դոլար՝ իբր, Անկարայի աջակցությունը վայելող ահաբեկիչների դեմ հարձակումը Իդլիբում վերսկսելու համար։ Բայց իբր Ալ-Ասադը «հայցել է» 5 միլիարդ դոլար, համաձայնության են եկել 3,5 միլիարդ դոլարի շուրջ, ընդ որում՝ 250 միլիոն դոլարը պետք է վճարվեր որպես «կանխավճար»: ԱՄԷ և Սիրիայի միջև «գործարքի» քննարկումը տեղի է ունեցել բացարձակ գաղտնի պայմաններում, գրում է MEE կայքը, սակայն արքայազն Մուհամմադը անհանգստանում էր, որ ԱՄՆ-ը կիմանա այդ մասին, և որ դրան կհետևեն բացասական արձագանքներ։ MEE-ի զրուցակիցները կայքին տրամադրել են նույնիսկ այնպիսի մանրամասներ, որոնցով կարող էր հետաքրքրվել ամերիկյան արտաքին հետախուզությունը: Օրինակ նշվում է, որ Ալ-Ասադը իբր բողոքել է Ալ-Շամսիին, որ «Իրանը դադարել է վճարել, քանի որ կանխիկ գումար չունի, իսկ ռուսները մեկ է՝ չեն վճարում»: Այնուհետև՝ նույնիսկ ավելի հետաքրքիր և զվարճալի: Իբր «գործարքը» կնքվել է, սակայն Մոսկվան տեղեկացել է այդ մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անմիջապես Դամասկոս է ուղարկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ նախազգուշացնելով ալ-Ասադին Իդլիբում հրադադարի խախտման հետևանքների մասին: «Շոյգուի հաղորդագրությունը պարզ էր. «Մենք չենք ուզում, որ դուք վերսկսեք հարձակումը: Ռուսաստանը ցանկանում է, որ հրադադարը պահպանվի», – նշում են MEE աղբյուրները՝ ավելացնելով, որ իբր «Պուտինը կատաղած էր»: Այնուամենայնիվ, իբր այդ ժամանակ ԱՄԷ-ն արդեն իսկ 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով «կանխավճար» է տվել Դամասկոսին, և այժմ «գործարքը» մնացել է օդում կախված:

MEE կայքի հրապարակման մեջ նշվում են Անկարայի դեմ ալ-Ասադի հարձակումները շարունակելու հարցում փոխադարձության հասնելու արքայազն Մուհամմադի երկու հիմնական դրդապատճառներ: «Նախ և առաջ, նա ձգտել է կապել թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում երկարատև և արյունալի ռազմական բախման մեջ… Երկրորդ, նա ցանկանում էր ձգել թուրքական բանակի ռեսուրսներն այն աստիճան, որքան պահանջվում էր Թուրքիայի ուշադրությունը Լիբիայից շեղելու համար, որտեղ Անկարան աջակցում է Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ)՝ Ֆաիզ Սարաջիի գլխավորությամբ, որը պատերազմում է ԱՄԷ և մի շարք այլ երկրների կողմից սատարվող Լիբիայի ազգային բանակի դեմ՝ ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթարի հրամանատարությամբ: Դա՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադի ծրագրի համաձայն, թույլ կտար Հաֆթարին վերահսկողության տակ առնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին, որտեղ տեղակայված են թուրքամետ ԱՀԿ», – եզրափակում է MEE- ն: Սակայն Քաթարի տեսակետը արտացոլող այս կայքը լռում է գլխավորի մասին. ինչո՞ւ է ԱՄԷ-ը, որոնք Թուրքիայի հետ նույն շարքում դաշնակիցներ էին, երբ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիան դեռ նոր էր սկսվում, այժմ պետք որևէ մեկին դրդել Թուրքիայի դեմ պատերազմի: Կայքը լռում է նաև այն մասին, թե ով է նախաձեռնել բանակցությունները արքայազն Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահայանի և Սիրիայի նախագահ Ալ-Ասադի միջև:

Մենք կփորձենք լրացնել այս լռությունը մեր մտորումներով: Էմիրությունների՝ հակաթուրքական ճամբար անցնելու իրական պատճառը անհնար է հասկանալ, եթե չհիշել, որ դեռևս անցյալ տարի ԱՄԷ-ն իր զորքերը դուրս է բերել Եմենից՝ ավարտելով պատերազմն Իրանի դաշնակիցների՝ եմենյան շիա հուսիթների հետ: Ավելին, ԱՄԷ-ն Իրանին են վերադարձրել էմիրությունների բանկերում տարիներ առաջ «սառեցված» իրանական միջոցները: Որպեսզի քաղաքական շահարկումների սիրահարները գայթակղված չլինեն իրավիճակը ներկայացնել որպես Ռուսաստանի մեջքի հետևում Իրանի՝ Սիրիայում «թուրքական խաղաքարտը շահարկելու» փորձ, հաղորդենք. 1) ինչպես ապրիլի 8-ին հաղորդել է «Միր նովոստեյ» («Мир новостей») ռուսական կայքը, Ռուսաստանը կտրուկ և էապես ամրապնդում է իր ռազմակայանի պաշտպանությունը Էլ-Կամիշլիի օդանավակայանում: Լիբանանյան «Al-Masdar News» աղբյուրը՝ վկայակոչելով սիրիական բանակի աղբյուրները, հայտնում է ռուսական ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին: Երկու տասնյակ զրահատեխնիկա և մեծ թվով զինված անձնակազմ է ժամանել Էլ-Հասեքե: Ամերիկացիները հերթական անգամ փորձել են շրջափակել ռուսներին Հասեքե գավառի արևմտյան մասում գտնվող Թալ Թամար քաղաքի մոտակայքում: Այնուամենայնիվ, ԱՄՆ պարեկը չկարողացավ խոչընդոտել ռուսական շարասյան առաջխաղացմանը: Ռուս և ամերիկյան զորքերի միջև առճակատումը սրվել է վերջին երկու ամիսների ընթացքում, երբ երկու կողմերն էլ պայքար են սկսել մայրուղիների վերահսկման համար, և մենք մի քանի անգամ հաղորդել ենք այդ մասին: Սակայն այժմ Էլ-Կամիշլի շրջանում մեկը մյուսի հետևից ամերիկյան պարեկային ծառայությունները հանդիպում են սիրիական դիրքերի, որոնք նրանց առաջանալ չեն թողնում: Այս հարցում սիրիական զորքերին օգնում է ճանապարհը շրջափակող տեղի բնակչությունը և… այո, Ռուսաստանը և նրա ռազմական ոստիկանությունը:

2) Երբ ապրիլի 9-ին, ըստ «Al-Masdar News»-ի հաղորդման, Իդլիբ նահանգում թուրքամետ ահաբեկիչները փորձել են հարձակվել Ռուսաստանի ռազմական պարեկախմբի վրա, երկնքում՝ ահաբեկիչների գլխավերևում,  հանկարծակի հայտնվել են ռուսական մարտական ​​ինքնաթիռները:  Սիրիական և ռուսական բոլոր լրատվամիջոցները հայտնում էին, որ Դամասկոսը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իդլիբում և սպասում է միայն, որ Ռուսաստանն ու Իրանը ասեն. «Առաջ»: Նկարագրված երկրորդ գործոնը՝ առաջինի հետ համագումարում, մեզ բացահայտում է այն փաստը, որ Ռուսաստանն ու Իրանը ևս կարող են 2020 թվականի մարտի 5-ի ռուս-թուրքական համաձայնագիրը ընկալել որպես ժամանակավոր փաստաթուղթ, ոչ թե կայուն երկարաժամկետ գործարք: Բայց եթե այս երկու գործոնները զուգորդել MEE կայքի՝ արքայազն ալ-Նահայանի և Սիրիայի նախագահ ալ-Ասադի միջև որոշակի բանակցությունների վերաբերյալ տեղեկատվության հետ, ապա ստանում ենք եզրակացություն. ԱՄԷ անցել են հակաթուրքական ճամբար:

Սերգեյ Շաքարյանց