Կառավարությունը կփոխհատուցի փետրվարին մինչև 30 հազար դրամի գազ և մինչև 10 հազար դրամի հոսանք սպառած բնակիչներին. նոր որոշում

Կառավարությունն ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։

Որոշման համաձայն՝ միջոցառման շահառու են գազ և էլեկտրաէներգիա սպառած այն բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին կազմել են՝

– բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ

– էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

Աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։

Որոշման երկրորդ կետով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020թ. ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:

Հիշեցնենք, որ 11-րդ միջոառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Այդ դեպքում պետությունը փոխհատուցելու էր ծախսի 50 տոկոսը: