Առողջապահության ոլորտի աշխատակիցները մինչև արտակարգ իրավիճակի ավարտը էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար

Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն:

Ինչպես նշված է «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղղությունը:

Ներկա պահին ՀԿԵ ընկերությունը ապահովում է ուղևորների հոսքը Երևանի և Գյումրու միջև, ինչպես նաև Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղություններով: Էլեկտրագնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ընկերության վեբ-կայքում :