Թուրքական իշխանությունները ազատազրկված լրագրողներին ու քաղբանտարկյալներին ուղարկում են մահվան

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի խորհրդարանը հաստատել է 70 հոդվածից կազմված մի նոր օրենք, որով նախատեսվում է բանտերից ազատ արձակել շուրջ 90 000 բանտարկյալի։ Սակայն, ինչպես նկատել են տալիս Թուրքիայի իրավապաշտպանները, այդ ցուցակներում ոչ մի կերպ տեղ չեն գտել ազատազրկված լրագրողները, մտավորականները, քաղբանտարկյալները, ուսանողները։

«Տիգրիս–Եփրատ լրագրողների միության» (DFGD) համանախագահ Սերդար Ալթանը, «Թուրքիայի լրագրողների միության» (TGS) Դիարբեքիրի ներկայացուցիչ Մահմութ Օրալը և (MGKP) և «Mezopotamya» կին լրագրողների հարթակի (MKGP) խոսնակ Այշե Գյունեյը մեկնաբանել են նշված օրենքն ու կալանավորված լրագրողների վիճակը։

Սերդար Ալթանը նշել է, որ նոր օրենքում որևէ խոսք չկա խոսքի և մտքի ազատության ոլորտի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ թուրքական բանտերում այսօր 103 բանտարկյալ կա, և այս օրենքը առ ոչինչ է համարում լրագրողների կյանքը։ «Մեր հիվանդ ընկերներին ազատ չարձակելով՝ իշխանությունները նրանց ուղղակի մահվան են դատապարտում, քանի որ եթե կորոնավիրուսը բանտեր հասնի, շատ արագ կտարածվի և ողբերգության կհանգեցնի»,- նշել է նա։ Ալթանը կոչ է արել րոպե առաջ ազատ արձակել նաև ազատազրկված լրագրողներին։

Մահմութ Օրալն էլ ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունների միակ նպատակը այն ինֆորմացիայի տարածման կանխարգելումն է, որին տիրապետում են լրագրողները։ Նրա խոսքով՝ նոր օրենքով հանցագործները ազատ կարձակվեն, իսկ լրագրողները, որոնց մեջ կան նաև ռիսկային խմբում գտնվող քրոնիկ հիվանդներ, փակված կմնան բանտերում։

Այշե Գյունեյն էլ նշել է, որ իշխանությունները պարզապես օգտագործում են պատեհ առիթը՝ ավելի վաղ նախապատրաստված օրենքն ընդունելու համար։ Նա շեշտել է, որ քաղբանտարկյալներին ազատ արձակման հնարավորություն չտալով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը  (ԱԶԿ-AKP), փաստորեն, շարունակում է իր խտրական քաղաքականությունը, որը վարում էր նաև մինչ այսօր։

Գյունեյը նշել է, որ լրագրողները դատապարտվում են բանտերում մեռնելու միայն նրա համար, որ կատարել են իրենց մասնագիտական գործողությունները։ «Նրանք երես առ երես են թողնվում համավարակի հետ միայն նրա համար, որ փորձել են ջրի երես հանել մարդասպաններին, գողերին, բռնաբարողներին»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Աղբյուրը՝ ermenihaber.am