Քվեարկել եմ հանուն Արցախի ապագայի. Աշոտ Ղուլյան

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում:

ԱՀ նախագահական ընտրության երկրորդ փուլում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտ Ղուլյանն ասել է, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի, որը, իր պատկերացմամբ, լինելու է անվտանգ, ապահով, ժողովրդավարական և կայուն:

Անդրադառնալով Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվող ընտրություններին՝ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ցանկացած իրավիճակում հարցերը ճիշտ իրավական հիմքի վրա լուծելու համար օրենսդրությունը պետք է լինի բազմաֆունկցիոնալ:

«Իրավական հարթության վրա պետք է լինի այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրականացնել իր ընտրելու, իսկ յուրաքանչյուր թեկնածու նաև իր ընտրվելու իրավունքը: Այս առումով, պետք է նշեմ, որ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, այսօր Արցախում ստեղծված իրավիճակը առանձնահատուկ է»,- նկատել է ԱԺ նախագահը:

Ա. Ղուլյանն ընդգծել է, որ առայժմ վաղ է խոսել իր օրենսդիր համակարգում մնալու կամ էլ գործադիր կառավարման համակարգում աշխատելու մասին, սակայն, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է պատրաստ լինի գործել ցանկացած իրավիճակում:

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետք է պատրաստ լինի աշխատել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածում: Նախընտրական ժամանակահատվածում մենք նույնպես հանդես ենք եկել նախընտրական ծրագրով: Եթե հնարավորություն լինի իրացնելու այդ նախընտրական ծրագրերը, մենք պատրաստ ենք համագործակցության»,- հավելել է Ա. Ղուլյանը: