Մեկնարկել է ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. բացվել են 281 ընտրատեղամասեր. ԿԸՀ նախագահ

Այսօր Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրն է: Արցախի Հանրապետությունում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի:

Մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. բացվել են 281 ընտրատեղամասեր։

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, ձևավորվել են 282 ընտրատեղամասեր: Ժամը 8:00-ին բացվել են 281 տեղամասերը:

Ս. Արզումանյանի խոսքով՝ Շուշիի Քրեակատարողական հիմնարկում քվեարկության սկիզբը կտրվի ժամը 11:00-ին:

«Բոլոր տեղամասային կենտրոններում պատրաստ են մեր քաղաքացիներին օգնելու, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը: Ընտրություններին մասնակցելը մեր քաղաքացիների իրավունքն է: Խնդրում ենք տեղամաս ներկայանալուց պարտադիր խստապահանջ լինել Ձեզ հետ, երկրորդ՝ բոլոր շրջապատի նկատմամբ և պահպանել տեղերում Ձեզ առաջարկվող կանխարգելիչ բոլոր կանոնները: Տեղերում կբացատրվեն քվեարկության ընթացակարգի ժամանակ սովորական պայմաններից տարբերվող որոշակի մեթոդներ և եղանակներ: Հավատարիմ լինենք մենք մեզ և փորձենք պատվով հաղթահարել ընտրությունների այս փուլը ևս: Առողջություն, բարին բոլորիս»,- մասնավորապես նշել է Ս. Արզումանյանը:

Նշենք, որ, սկսած ժամը 12:00-ից, ընտրությունների ընթացքի և քվեարկողների մասնակցության մասին ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կներկայացնի տվյալներ:

Նկատենք նաև, որ ընտրությունների ողջ ընթացքում 48 ընտրատեղամասերում իրականացվում է  ուղիղ հեռարձակում: