Ինչպե՞ս են մեր հայրենակիցներն արտերկրում պայքարում նոր կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանում դեռ սպասում են հիվանդության պիկին, բայց արտակարգ դրություն հայտարարված չէ

Չնայած աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարին, վարակը չի նահանջում և շարունակում է տարբեր մայրցամաքներում, երկրներում մարդկային կյանքեր խլել, սահմանափակել մարդկանց տեղաշարժը և պարտադրել, որպեսզի երկիր մոլորակի բնակիչները տևական ժամանակով վերանայեն իրենց բնականոն կյանքը և ապրելու այլընտրանքային՝ հեռավար տարբերակներից սկսեն օգտվել:

Մենք որոշեցինք ժամանակ առ ժամանակ հարթակ տրամադրել աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ պարզելու համար, թե տվյալ երկրում իշխանություններն ինչ մեթոդներով են փորձում պայքարել հիվանդության տարածման դեմ, որքանո՞վ են արդյունավետ կիրառվում այդ մեխանիզմները և ընդհանրապես ինչպե՞ս են մարդիկ հարմարվոմ կյանքի նոր պայմաններին:

Հովակիմ Հանեսյանը անհատ ձեռներեց է, որը Ռուսաստանում զբաղվում է շինարարական և IT ծառայությունների մատուցման փոքր բիզնեսներով, այսինքն՝ փոքր ձեռնարկատեր է: Մեզ հետ զրույցում Հովակիմն ասաց, որ թեև Ռուսաստանում ևս վարակվածության և մահվան ցուցանիշներ կան, բայց արևմտյան երկրների, Իրանի, Չինաստանի համեմատությամբ դրանք մեծ չեն: Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 328 է: Վարակի դեպքեր գրանցվել են երկրի 82 շրջանում: Վերջին մեկ օրում առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 179 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1470: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 148 մարդ:

Չնայած դրան, երկրում սահմանափակումներ են մտցվել ինքնամեկուսացման ռեժիմով պայմանավորված, թեև երկրում արտակարգ դրություն դեռ չի սահմանվել, այնտեղ միայն երկարատև արձակուրդներ են: Շատ մազերում մի շարք ոլորտներում տնտեսվարողների գործունեությունն արգելված չէ, և Հովակիմն այն քչերից է, որն ամեն օր շտապում է աշխատանքի: Նա բնակվում է Սամարայում, որտեղ վարակվածության և մահացության ցուցանիշները համեմատաբար փոքր են: Ըստ մեր զրուցակցի՝ Սամարայում կա 18 վարակված։ Մոտ մեկ շաբաթ է վարակի տարածման տեմպը կտրուկ դանդաղել է, նախորդ շաբաթվա ընթացքում ընդամենը մի հոգի վարակակիր է հայտնաբերվել, որը ինքնամեկուսացած է եղել։ Բոլոր 18 վարակակիրներն արտերկրից են վերադարձել, այսինքն՝ վարակի ներքին տարածման դեպքեր առայժմ չկան։ Վարակակիրների մեծ մասը Եվրոպայից է վարակը երկիր բերել։

«Ժողովուրդը մեկ ամիս ինքնամեկուսացումից հետո ստիպված դուրս եկավ աշխատանքի։ Ասում են, թե վիրուսից մահացությունը 5% է, սովից մահացությունը միանշանակ 100% անոց է լինելու։ Որ չաշխատեն, ոչ ոք չի բերելու փող տա, ասի՝ ապրեք, պետությունը, մեղմ ասած, ձեռքերը լվացել է այդ հարցում։

Սամարայում իրավիճակը գրեթե բնականոն հունի է վերադարձել, սկսել են աշխատանքի դուրս գալ բոլոր նրանք, որոնց անգործությունը ծանր հետևանքներ է թողնում տնտեսության վրա։ Չեն աշխատում կրթական բոլոր հաստատությունները, անհատ ատամնաբուժարանները, հանգստի օբյեկտները։ Որոշ խանութներ դադարեցրել են կանխիկ գումարի ընդունումը, վճարումները ընդունում են միայն քարտերով»,-մեզ հետ զրույցում ասաց մեր հայրենակիցը:

Հարցին, թե աշխատանքի գնացողները գոնե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկո՞ւմ են, Հովակիմն ասաց, որ աշխատանքի վայրում առանձնապես միջոցառումներ չեն կատարվում, միայն ռազմավարական նշանակություն ունեցող և մեծ հիմնարկներում են աշխատակիցների ջերմությունը չափում՝ նախքան աշխատավայր թողնելը։

«Մենք Դեղատուն ենք վերանորոգում, դիմակ կրելը պարտադիր չէ, մանավանդ դիմակների գները կտրուկ բարձրացել են. 2 ամիս դիմակ չկար դեղատներում, վերջին օրերին ստացել են, բայց 5 (40դրամ) ռուբլիանոց դիմակները դարձել են 36 ռուբլի (280դրամ)»։

Իրենց մազում վարակակիրների փոքր թիվը Հովակիմը պայմանավորում է նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման փոքր ծավալով: Ըստ նրա, երկրում երկու ամսում գրանցվել է 37%-ով թոքաբորբի դեպքերի աճ, և նա չի բացառում, որ հնարավոր է դրանց որոշ մասը, եթե ոչ բոլորը, կորոնավիրուսային վարակի հետևանք լինեն:

Հովակիմի հավաստմամբ՝ ինչպես ամբողջ աշխարհում, Ռուսաստանոմ ևս ախտորոշման թեստերի զգալի պակաս կա, թեև Ռուսաստանն ինքը թեստ արտադրող երկիր է և այդ առումով օգնության է հասնում նաև այլ երկրների՝ նրանց տեղական արտադրության թեստեր նվիրելով: Ռուսական արտադրության թեստերից անմասն չի մնացել նաև մեր երկիրը. Հայաստանը բացի այն, որ ռազմավարական գործընկերոջից որոշ քանակությամբ թեստեր է գնել, նաև օրերս բարեգործական օգնություն է ստացել:

Բայց փաստորեն Ռոսպոդրեբնադզորի տվյալներով՝ այսօրվա դրությամբ միայն 1,3 մլն բնակչի են թեստավորել 140 մլն-ից: 141 հազար մարդ էլ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ:

Ի տարբերություն Սամարայի, Ռուսաստանի մյուս մարզերում, ինչպես ներկայացնում է Հովակիմը, վիճակն օր օրի բարդանում է, քանի որ ավելի ու ավելի շատ վարակվածներ են հայտնաբերվում։ Հիվանդների զգալի մասը տեղակայված է մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մոտ 11 600 վարակակիր կա, Մոսկվայի մարզում 1855 վարակակիր է հայտնաբերվել, Սանկտ Պետերբուրգում հայտնաբերված վարակակիրների թիվը հասնում է 678-ի, Կրասնոդարի մարզում՝ 210 և այլն: Այդ պատճառով ճանապարհները մարզից մարզ խստորեն վերահսկվում են։ Եթե հիմնավոր պատճառ չլինի, քաղաքացին չի կարող հատել մյուս մարզի սահմանը: Այդպիսով փորձ է արվում կանխելու համեմատաբար դրական ցուցանիշներ ունցող մարզերում վարակի նոր դեպքերի թափանցումը: Ռուսաստանում սպասում են վարակի պիկին: Շատ մասնագետներ նշում են, որ իրենց երկրում հիվանդությունը նոր է սկսել գլուխ բարձրացնել և դեռ ավելի ծանր ցուցանիշներ են սպասում: Մասնագետները նաև կասկածում են, որ միլիոնավոր չհայտնաբերված վարակակիրներ կան, քանի որ չեն կարողանում այլ կերպ բացատրել թոքաբորբերի 37% աճի պատճառը:

Շուտով Ռուսաստանում կսկսեն նաև հակամարմինների ախտորոշման թեստերի կիրառումը, որով կպարզեն imunoglobulin M և Imunoglobulin G- ի առկայությունը մարդու օրգանիզմում։

«Եթե արյան մեջ առկա եղան վերոնշյալ հակամարմինները, ապա դա նշանակում է, որ օրգանիզմը սկսել է իմունիտետ ձեռք բերել վիրուսի նկատմամբ։ Եթե M տեսակը գտան, ուրեմն օրգանիզմը նոր է սկսել հակամարմիններ արտադրել, եթե երկուսն էլ առկա լինեն, ապա դա կփաստի, որ հիվանդի մոտ հիվանդության պիկն անցել է և սկսվել է ապաքինումը, եթե միայն G տեսակը գտան, ապա նշանակում է օրգանիզմը լիարժեք իմունիտետ է ձեռք բերել: Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն վերահսկել հիվադությունը և ի վերջո հասկանալ՝ ապաքինվելուց հետո մարդն այդ վարակի նկատմամբ կայո՞ւն է դառնում, իմունիտետ ձեռք բերո՞ւմ է, թե կարող է նորից վարակվել»:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ձգտում է դեպի երկու միլիոնը, ավելի քան 100 հազար մարդ հիվանդության հետևանքով մահացել է, բայց  փորձագիտական որոշ շրջանակներում չեն դադարում դավադրության տեսության քննարկումները, և Հովակիմ Հանեսյանը ևս հակված է մտածելու, որ այս վիրուսը հատուկ նպատակով է ստեղծվել՝ աշխարհի երկրների տնտեսությունները փլուզելու և խորը ճգնաժամի հասցնելու համար, որից հետո միջազգային հարուստ տրանսնացիոնալ ընկերությունները մատչելի գներով ձեռք կբերեն տարբեր պետությունների բոլոր ռազմավարական ռեսուրսները, ինչպես ժամանակին Հայաստանից  գնեցին ոսկու հանքերը, ջուրը, գազատար խողովակները և այլն։