Covid-19 Armenia-ով առցանց թեստ հանձնած անձանցից գրեթե 4900-ը հայտնվել է կարմիր գոտում

Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ հանձնած անձանցից 4900-ը հայտնվել է կարմիր գոտում, 21 անձ ուղարկվել է թեստավորման, ապրիլի 8-ին չորս անձի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահի դրությամբ` ունենք 60 հազար ներբեռնում, մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, 1600-ից ավելի անձանց հետ կապ է հաստատվել, ավելի խոր վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել են, նրանց ուղարկել ենք թեստավորման, 4 անձի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- ասաց Ավինյանը։

Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի դրանից, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույց, որի արդյունքում որոշում, թե արդյոք անձը կարիք ունի՞ հետագա բժշկական ուշադրության: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 13-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։