Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի որոշ սպառողների փետրվարի գազի և էլեկտրաէներգիայի վճարները

Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 11-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

«Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 դրամը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով:

«Ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին՝ միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Այս միջոցառումը վերաբերում է բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտքեր ունեն, թե ոչ: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար»,- ասաց փոխվարչապետ Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նրանք, որոնք արդեն վճարել են գազի ու էլեկտրաէներգիայի համար, նրանց մասով կձևավորվի կանխավճար, իսկ որոնք չեն վճարել, այդքանով կնվազի վճարը: