Ճապոնիայում կորոնավիրուսի հարուցչի բազմացումը կանխող դեղամիջոց են գտել. bioRxiv

Ճապոնացի բժիշկները հանգել են նախնական եզրակցության, ըստ որի՝ «Նելֆինավիր» հակառետրովիրուսային դեղամիջոցը կանխում է կորոնավիրուսի բազմացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են biorxiv.org պորտալում:

Նշվում է, որ «Նելֆինավիր»-ն օգտագործվում է մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ։ ՄԻԱՎ-ի բուժման համար այս դեղամիջոցն օգտագործվում է այլ հակառետրովիրուսային դեղերի հետ համատեղ:

Հետազոտողներն ուսումնասիրել են նման ինը դեղամիջոց և հայտնաբերել, որ «Նելֆինավիր»-ը, նույնիսկ փոքր չափաբաժինների օգտագործման դեպքում, կարող է կանգնեցնել կորոնավիրուսի հարուցչի վերարտադրությունը:

Ընդգծվում է, որ դեռևս COVID-19-ի բուժման համար ստուգված միջոցներ չկան, ուստի՝ անհրաժեշտ է փորձարկել արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 183 դեպք, 114 248-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 625 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Աղբյուրը՝ Թերթ.ամ