Տիգրան Ավինյանը, Արսեն Թորոսյանը, Նիկոլ Փաշինյանը գնալով ստվարացնում, ծանրացնում են իրենց պատասխանատվության թղթապանակը (տեսանյութ)

Եթե նույնիսկ բոլոր մյուս փաստերը մի կողմ թողնենք, սոսկ այս մի փաստը, կարծում ենք, կարող է բավարար լինել այն պաշտոնյայի (ԱԴ պարետ Տիգրան Ավինյանի կամ մեկ ուրիշի) քրեական պատասխանատվության համար, որի որոշմամբ Ռուսաստանից օրերս Հայաստան վերադարձած մեր տասնյակ հայրենակիցներ հարկադիր կամ պարտադիր կարգով մեկուսացվելով, ոչ թե առանձին, այլ զույգ-զույգ են տեղավորվել նույն սենյակներում: Ընդ որում, կոպտորեն անտեսելով, որ այդ մարդիկ միանգամայն հիմնավոր կերպով զգուշանալով մեկը մյուսից վարակվելու միանգամայն իրական վտանգից, եթե նույն սենյակում տեղավորվող անձանցից մեկը վարակված է նոր կորոնավիրուսով, կտրականապես դեմ են արտահայտվել դրան, բողոքել:

«Վարչապետը, մեր պարետը հրաման է տվել, որ պետք է մեկուսանանք,- news.am-ի հրապարակած տեսանյութում ասել է Մոսկվա- Երևան հատուկ չվերթի ուղևոր, Ծաղկաձորի սպորտային համալիրում մեկուսացված Գ. Ստեփանյանը:- Համաձայն ենք, եկել ենք, մեկուսանում ենք, տվեք պայմաններ, մեկուսանանք: Այսպես մոտիկ-մոտիկ կռավատներ, անծանոթ մարդիկ, կարանտին»:

Նա բողոքել է նաև, որ «Հիգիենայի պարագա չկա, մենք էինք, մեր հետ օճառ չունեինք, ի՞նչ էինք անելու…»:

Ծաղկաձորում մեկուսացվածը տեղեկացրել է, որ իրենք բոլորն իրենց իրավունքն են պահանջում` ապահովել մեկ հոգու համար նախատեսված սենյակներով, ինչը նաև կարանտինի կամ մեկուսացման պահանջն է, սակայն ապարդյուն: Խնդրի լուծման փոխարեն, ըստ մեկուսացվածի, հանդիպել են ոստիկանների կոպիտ վերաբերմունքին, սպառնալիքներին. ոստիկաններն ասել են, դուրներդ չի գալիս, չգայիք Հայաստան, չէիք ուզում կարանտինում նստել, չգայիք Հայաստան, վեր ընկնեիք ձեր Մոսկվայում: Նրանցից մեկն էլ փորձել է բերետավորներին կանչել, որ քաղաքացուն ենթարկեն պատասխանատվության, վերջինս էլ ասել է` ենթարկի, ես չեմ վախենում ոչ ձեզանից, ոչ էլ ձեր պագոններից:

Ոստիկանի, թե այնտեղ մեկուսացման պատասխանատուի պատճառաբանությունը հետևյալն է եղել` մեր երկրի վիճակն այսպիսին է, տեղ չկա: Ընդգծենք, որ նշված պատճառաբանությունը սուտ է, կեղծիք. մեկուսացված քաղաքացին ասել, իրենց առաջարկել է, որ Երևանում այդ պահին «Սիլ» հյուրանոցում, «Գետառ» հյուրանոցում տեղեր կան, թող իրենց տանեն, այնտեղ տեղավորեն, սակայն իրենց այս առաջարկը հանդիպել է սպառնալիքի` «Շատ համը հանեք, կտանենք, համալիր կթողնենք ձեզ» (խոսքը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասին է, որտեղ վերջերս իրար կողք կողքի տասնյակ կամ հարյուրավոր մահճակալներ են տեղավորվել` առաջիկայում նոր կորոնավիրուսով հիվանդների մեծ քանակի դեպքում նրանց տեղավորելու համար):

Ավելին. Հայաստանում դեռ 2017թ. սկզբի դրությամբ մոտ 13 600 հյուրանոցային ննջատեղ կար (տես` «Հայաստանի հյուրանոցային ոլորտը. ինչ ունենք այսօր»), և Ծաղկաձորի սպորտային համալիրի երկտեղանոց սենյակներ տեղափոխված և միմյանց հետ արյունակցական որևէ կապ չունեցող, նույն ընտանիքի անդամ չհանդիսացող շուրջ 20 հոգուն ոչ թե զույգերով նույն սենյակում, այլ առանձին-առանձին մեկուսացնելը ոչ տեխնիկապես, ֆիզիկապես, ոչ էլ ֆինանսապես անլուծելի խնդիր չէր Հայաստանի Հանրապետության համար: Այն հավանաբար խնդիր է ներկայիս հանցավոր վարչախմբի համար, որովհետև այդ դեպքում 1-1,5 մլն դրամ ավելի պետք է ծախսեին: Դա էլ հո բարձրաստիճան և այլ պաշտոնյաների, պետական կառավարման համակարգի տարբեր չինովնիկների պարգևավճարներ չէ, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, տարեկան ավելի քան 25 մլրդ, իսկ այլ տեղեկությունների համաձայն, 37 մլրդ դրամ հատկացվի, ոչ էլ «Քաղաքացու օր» կոչվածը նշելու համար անհրաժեշտ գումար է (անցյալ տարի այն նշելու համար ՀՀ կառավարությունը 124 մլն դրամ է հատկացրել):

«Եթե ես պետք է մնայի օտար կնոջ հետ, կգնայի իմ տունը, իմ տանն առանձին սենյակում կփակվեի»,- ասել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացին:

Ընդգծենք, որ չի կարող լինել պատճառաբանություն, որ Ծաղկաձորի սպորտային համալիրում մեկուսացված հիշյալ քաղաքացիները քանի որ նույն ինքնաթիռով են եկել Մոսկվայից, միևնույն է, կարող էին մեկը մյուսից վարակված լինել, հետևաբար անիմաստ էր նրանց առանձին սենյակներում տեղավորելը: Ավելի մեծ հավանականությամբ կարող էին և վարակված չլինել, ինչպես չվարակվեցին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորները, համենայն դեպս, նրանց մեծ մասը, թեև ինքնաթիռում նոր կորոնավիրուսով վարակված 29-ամյա հայտնի երիտասարդի առկայությանը: Մինչդեռ իրար կողք դրված մահճակալներով հենց նույն սենյակում,  ռիսկային խմբում գտնվող, մեկուսացված հիշյալ քաղաքացիներին տեղավորելով, սոցիալական հեռավորության խախտման պայմաններում կտրուկ ավելանում է նոր կորոնավիրուսով վարակվածից չվարակվածի վարակվելու հավանականությունը, այն դառնում է գրեթե անխուսափելի:

Արդեն պաշտոնապես հայտնված փաստ է նաև այն, որ 70 մեկուսացվածներից 7-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 9-ին մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, և 7-ի պատասխանը դրական է եղել, այսինքն՝ այդ անձանց մոտ հայտնաբերվել է COVID-19-ի հարուցիչը։ Այդ անձանց թվում արդյոք կա՞ն Ծաղկաձորի սպորտային համալիրում զույգերով մեկուսացված հիշյալ անձանցից, այս պահին դեռ չգիտենք, կփորձենք պարզել առաջիկայում:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր` 124.1 հոդվածի համաձայն, «Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»։

Արթուր Հովհաննիսյան