Ակադեմիկոսը կանխատեսել է Ռուսաստանում COVID-19 համաճարակի ավարտման ամենավաղ ամսաթիվը

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի ավարտման առավել լավատեսական կանխատեսումը հունիսի սկիզբն է, «Պարլամենտսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է առաջատար վարակաբան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Մալեևը:

Ըստ նրա՝ համաճարակի ավարտը պայմանավորված է, մասնավորապես, նրանով, թե ինչպես ռուսները կհետևեն ինքնամեկուսացմանը և կառավարության այլ ցուցումներին:

Լավատեսական կանխատեսումների համաձայն, դա պետք է տեղի ունենա հունիսի սկզբին, բայց պայմանով, որ չեն լինի բժշկական լուրջ սխալներ, և քաղաքացիները կարգապահորեն կպահպանեն սոցիալական հեռավորությունը, շեշտել է նա:

«Բայց մենք կարող ենք խոսել վերջնական հաղթանակի մասին միայն այն դեպքում, երբ մենք պատվաստանյութ կմշակենք կորոնավիրուսի դեմ: Իսկ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև տարեվերջ: Լավ կլինի, եթե այն ավելի շուտ պատրաստ լինի»,- եզրափակել է ակադեմիկոսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 1,7 միլիոն մարդ վարակվել է նոր կորոնավիրուսային վարակով, մահացել է մոտ 103,5 հազար մարդ, ապաքինվել է 382 հազարը: Ռուսաստանում հայտնաբերվել է 15 251 հիվանդ, առողջացել է 1045-ը, մահացել է 118 մարդ: