Լևոն Տեր-Պետրոսյանն իր վրեժը դարձրել է քաղաքականություն ու փաթաթել Հայաստանի վզին

Լևոն Տեր -Պետրոսյանը համարվում է ուրբաթախոս քաղաքական գործիչ: Օրերս, սակայն ուրբաթախոսը որոշեց խոսել և հրապարակեց՝ «Պատերազմական վիճակի թելադրանքով» հոդվածը:

Հոդվածը գրված է քաղաքական ու հանրային դաշտը ալեկոծելու, նորից ու նորից սև-ի ու սպիտակի տարանջատման տրամաբանության մեջ: Այն սկզբից մինչև վերջ նախկինների, ընդդիմության հանդեպ մաղձով լցված, խեղաթյուրված փաստերով, հանիրավի գնահատականներով, պիտակավորումներով շաղախված հոդված էր:

Գալով հեռվից՝ Տեր-Պետրոսյանը համավարակային իրավիճակը համարեց ավելի ծանր, քան ավանդական պատերազմները, ու հանգեց նրան, որ ընդդիմությունը չպետք է քննադատի իշխանությանը՝ «պետք է հնարավորություն տալ իշխանություններին կենտրոնանալու իրավիճակի վերահսկման վրա»: Իսկ իշխանությանը քննադատողներին տվեց կոշտ գնահատականներ՝ «քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրություն ունեցողներ», «սադրիչներ ու չարակամներ», «ատելության, թշնամանքի սերմանողներ», «երկրորդ ճակատ բացողներ», անգամ պետական դավաճաններ որակեց։

Այս հոդվածը կարդալով՝ մտովի հետ գնացի ու հիշեցի, թե տարիներ շարունակ ինչպիսի ընդդիմություն է եղել առաջին նախագահ Տեր- Պետրոսյանը՝ 1997-ից ի վեր, երբ Արցախի հարցում ունեցած իր պարտվողական քաղաքականության պատճառով հեռացվեց նախագահի պաշտոնից: Իշխանությունը կորցրած Տեր-Պետրոսյանը վայրէջք կատարելով ընդդիմադիր դաշտ, փաստորեն, վերաճեց թշնամանք և ատելություն սերմանող ընդդիմադիր գործիչի: 20 տարի շարունակ նա զբաղվել է իրենից հետո երկիրը ղեկավարած գործիչների և քաղաքական ուժի հանդեպ սարսափելի ատելություն սերմանելով, նրանց վարկաբեկելով, իր ձեռքի տակ եղած լրատվամիջոցներով տարաբնույթ կեղծիք ու վարկաբեկիչ լուրեր, հոդվածներ շրջանառելով:

Եվ այն գործելաոճը, որն այսօր Տեր-Պետրոսյանը վերագրում է ներկայիս ընդդիմությանը՝ իրականացրել է հե՛նց ինքը՝ 20 տարի շարունակ:

Ու հիմա ո՞վ է խոսում ատելության քարոզից…

Չգիտեմ, երևի նման դեպքերում են ասում՝ քաղաքականությունն անբարոյականություն է: Չնայած ես հակառակ կարծիքի եմ, քաղաքականությունն անբարոյականություն է միայն այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները…

Իր հոդվածում Տեր- Պետրոսյանը խեղաթյուրեց անգամ ամենաակնհայտ փաստերը: Այսպես. արդեն երկու տարի է, որ իշխանությունն ատելություն է քարոզում իր ֆեյքերով, ինչի համար մի ամբողջ ՊՕԱԿ է աշխատում: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը երկու տարի ոչ մի խոսք չի ասել երկիրը քանդող ատելության քարոզի մասին: Երկրի ճակատագրով իրապես մտահոգ անձը, մանավանդ առաջին նախագահը, պետք է, որ հանդես գար ներքին լարված մթնոլորտը հանգստացնողի, հանդարտացնողի դերում: Բայց լռեց, ու հիմա ընդդիմությանն է քննադատում, թե ատելություն եք սերմանում ձեր ֆեյքերի ահռելի բանակով…

ՀԱԿ առաջնորդը մեղադրում է ընդդիմությանը նաև այն հարցում, թե չի օժանդակում, այլ ընդհակառակը, խանգարում է իշխանությանը, չի համագործակցում իշխանության հետ: Ու այստեղ էլ փաստերը խեղաթյուրված է ներկայացնում: Կորոնավիրուսի վտանգի տարածման առաջին իսկ պահից ընդդմադիր տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ, այդ թվում նախկին իշխանության ներկայացուցիչները, հայտարարում էին՝ մի կողմ թողնել քաղաքական հակասությունները, միավորվել ու համատեղ ջանքերով երկիրը դուրս բերել այս վտանգից: Մինչդեռ՝ ձայն բարբառո հանապատի… Իշխանության կողմից անտեսվեցին բոլոր նման կոչերը: Օրերս պարզվեց նաև, որ իշխանությունը մերժել է «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի հետ համագործակցությունը: Իշխանությունն իր մեծամտությամբ անտեսում ու արհամարհում է մեկնված ձեռքերը և հիմա սխալը սխալի հետևից գործելով, չգիտես, թե դեպի ո՞ւր է տանում մեր ժողովրդին ու երկիրը…

Նախորդ բոլոր իշխանությունների հանդեպ ատելություն տածած գործիչն այսօր նրբանկատ է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ: Զարմացնող է հոդվածում տեղ գտած այն ձևակերպումը, թե՝ «չսխալվող իշխանություն չկա»: Ուզում եմ հարց տալ՝ իսկ անցած 20 տարիներին ինչո՞ւ այսպես չէր մտածում առաջին նախագահը, և ինչու հիմա դարձավ այսչափ նրբանկատ…

Հիշենք, թե ինչպես էր որպես ընդդիմադիր գործիչ, Լևոն Տեր-Պետորսյանը պիտակավորում նախկիններին՝ անվանելով չարիք, ավազակապետություն, հայտարարում էր, թե իր միակ թիրախը իշխանություններն են, պատրաստ է որպես գործիք օգտագործվել հանուն ռեժիմի հեռացման՝ ասում էր, չէ՞. «Օգտագործեք ինձ որպես գործիք՝ հանցավոր վարչախմբից ազատվելու համար… ռեժիմի վերարտադրման վտանգը կանխելու համար»: Մշտապես, իր քաղաքական ուժի ու իր կողմից ուղղորդվող լրատվամիջոցների ձեռքով, նա թիրախավորել է օրվա իշխանությանը, սևացրել ՝ չտեսնելով ոչ մի դրական գործ:

Այսինքն, իրականում Տեր-Պետրոսյանը տասնամյակներ շարունակ եղել է ներհայաստանյան քաղաքական դաշտում բաժանարար գծեր քաշած գործիչ: Եվ այն պառակտիչ քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է իր Նիկոլ Փաշինյանը, դրա հիմադիրը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Նրա մտքի արգասիքն էր հայաստանիցի-ղարաբաղցի հայտնի պառակտիչ ձևակերպումը: Որից միայն թուրքն է հրճվում: Նաև այսպես կոչված՝ «ղարաբաղյան կլան» ձևակերպման հեղինակն է: Ի դեպ, այդ նույն ձևակերպումն առ այսօր պտտվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ուղղորդվող մամուլում, որպես հակահայկական քարոզչության բաղադրիչ:

Տեր-Պետրոսյանը մի կողմից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ամեն կերպ փորձում էր օտարել Հայաստանից, մյուս կողմից տարածվող կեղծ լրատվությամբ սեպ էր խրում հե՛նց Քոչարյանի ու Սարգսյանի միջև: Կեղտոտ քաղտեխնոլոգիաներ, որոնք այսօր էլ կիրառվում են իր հոգեզավակի կողմից, սակայն նոր բովանդակությամբ:

Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես գործել ու գործում է «բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսով:

Եվ հիմա փորձեց հանդես գալ իբրև թե հաշտարարի դիրքերից, սակայն իրականում քննադատական սլաքներն ուղղեց հենց ընդդիմությանը, երկրորդ ու երրորդ նախագահներին: Այնքան մեծ է նրա անձնական ատելությունը նախկինների հանդեպ, որ վրեժը դարձրել է քաղաքականություն ու փաթաթել Հայաստանի վզին, որի իրականացնողը նրա հոգեզավակն է՝ Նիկոլ Փաշինյանը:

Արմինե Սիմոնյան