Մեզ համար ճամփեքը բաց են, փողին մուննաթ. սիգի անօրինական վաճառող

Քանի օր է բնապահպանական հարցերով զբաղվող լրագրողներն ահազանգում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սիգի մանրաձկան անօրինական վաճառքի մասին: Օրեր առաջ լրագրող Էդուարդ Սարիբեկյանն էր իր ֆեյսբուքյան էջում նշել, որ Երրորդ մասում փողոցի հարակից տարածքներում սիգ է վաճառվում: Ի պատասխան՝ տարբեր վարչական շրջաններից՝ Դավթաշենից, Նոր Նորքից, Մալաթիա-Սեբասիայից օգտատերերը ևս նշեցին, որ իրենց տարածքներում էլ արձանագրել են սիգի փողոցային անօրինական վաճառքի մի շարք դեպքեր: Ընդ որում, նրանց դիտարկմամբ՝ ձուկը բավականին լավ վաճառվում է: Այսինքն՝ չնայած քաղաքային իշխանությունների հորդորներին՝ փողոցից որևէ մթերք չգնել հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարի այս ժամանակահատվածում, քանի որ այդ միջավայրում վաճառվող մթերքը կարող է նաև վարակի տարածման հնարավոր աղբյուր լինել, մարդիկ նախընտրում են փողոցային առևտուրը: Թերևս պատճառներից մեկն էլ այն է, որ խանութներում ու սուպերմարկետներում գյուղմթերքը անհամեմատ թանկ է, իսկ փողոցում բացի էժան գնից՝ հնարավոր է նաև սակարկել վաճառողի հետ: Իսկ խանութներում սիգ չես գտնի, և փողոցային առաջարկը մեծ պահանջարկ է գտնում:

Հետաքրքիր է նաև, որ սիգը վաճառվում է հենց ոստիկանների քթի տակ, այն ոստիկաների, որոնք ջանասիրաբար անցորդներից անձնագիր ու տեղաշարժման թերթիկ են պահանջում: Սակայն սիգ վաճառողներից որևէ փաստաթուղթ պահանջելու խնդիր, որքան հասկանում եմ, նրանց առաջ դրված չէ: Ինչևէ:

Այսօր բնապահպանական խնդիրները լուսաբանող լրագրողների Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում դիմելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, Շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ ահազանգել է սիգի վաճառքի դեպքերի մասին՝ նշելով, որ անձամբ իրենք են Դավթաշենում 6 հատ մանրաձուկը 1000 դրամով գնել և պահանջել է խորքային ուսումնասիրել խնդիրը, կանխել մինչև օրս շարունակվող որսագողությունը, որի դեմ իբրև ներկա կառավարությունը արդյունավետ մեխանիզմեր է նախատեսել: Առայժմ նրա ահազանգին որևէ գերատեսչությունից արձագանք չի եղել, թեև ժամեր են անցել:

Ի դեպ, դեռ նախորդ տարի ես՝ որպես Էկո-Մեդիա ցանցի լրագրող և Նարինե Կիրակոսյանը այցելել էինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ հարցազրույցի նպատակով, և հենց այդ ժամանակ Սևանի սիգի անօրինական որսը կանխելու հնարավորությունների մասին մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ սիգի արդյունագործական որսն օրինականացնելու մեխանիզմ են կիրառելու, որով նաև վերջ կդրվի ձկան անօրինական որսին: Նրա հավաստմամբ՝ Սևանից 150 տոննա սիգ է թույլատրվելու որսալ արդյունագործական ձկնորսության եղանակով, և որպեսզի այդ ամենը հնարավոր լինի վերահսկել, ձկնորսության դուրս եկողները բացի թույլտվությունից նաև հատուկ կտրոններ են ունենալու, որպեսզի թույլատրելի ծավալից ավելի շատ, ինչպես նաև համապատասխան տարիքային շեմի չհասած ձկներ չորսան։ Նա հավաստիացրեց, որ համապատասխան վերահսկողությունն իրականացվելու է, որպեսզի կառավարության որոշումը հնարավոր լինի արդյունավետորեն կյանքի կոչել: Նշեց նաև, որ այդ ամենի արդյունքում հնարավոր է ձկան գինը փոքր-ինչ բարձրանա:

Բայց, ինչպես ճիշտ դիտարկում է Նարինե Կիրակոսյանը, կլոր տարի սիգ է վաճառվել և այսօր էլ վաճառքը կա: Վաճառվում է փողոցում, ոչ թե շուկայում կամ խանութում՝ ինչպես օրենքն է պահանջում, վաճառվում է ոչ միայն մեծ, այլև հիմնականում փոքր չափի սիգ:

«Մեկ-մեկուկես տարվա ընթացքում մենք այդպես էլ որևէ կարգավորում չտեսանք այս դաշտում: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել էր, որ սիգի արդյունգործական որսն օրինական դաշտ են բերում, հատուկ կտրոններ են լինելու, որոնցով հնարավոր կլինի վերահսկել ձկնորսներին՝ որքան ձուկ են որսալու և ինչ ձուկ: Բայց մենք տեսնում ենք, որ սիգը, որը միայն Սևանում է բնադրում ու բազմանում, որևէ արհեստական միջավայրում այն չի կարող աճել, ամբողջ տարին անարգել վաճառվել է հենց որսագողության ճանապարհով, ոչ թե պետական վերահսկողությամբ և օրինականորեն: Խնդիրն այն է, որ մեծ մասամբ վաճառվում է ոչ թե մեծ, սեռահասուն ձուկը, այլ այն ձուկը, որը դեռ չի հասցրել սերունդ տալ: Եվ փաստորեն այդ ճանապարհով ձկան ծավալները կտրուկ կնվազեն: ՀՀ ամբողջ տարածքում վաճառվող սիգ տեսակի ձուկը հիմնականում 300 գրամից պակաս քաշ ունի։ Մինչդեռ թույլատրվում է որսալ ավելի ծանր քաշ ունեցող ձկները: Սիգի դեպքում ձուկը պետք է սեռահասուն տարիքի լինի։ Սիգի 15%-ը սեռահասուն դառնում է 1,5 տարեկանից, 45%-ը 2 տարեկանից, 100%-ը 3 տարեկանից հետո։ Այսինքն՝ միայն երեք տարեկան սիգը, որը գոնե մեկ անգամ ձվադրել է, կարող է համարվել որսի ենթակա ձուկ։ Սա նշանակում է, որ ոչ մի պետական վերահսկողություն չի իրականացվում, վերահսկող մարմինները պարզապես չեն աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիրը՝ հավելելով, որ Սևան ազգային պարկի նախկին տնօրեն Վահե Գուլանյանին պաշտոնից ազատելուց հետո սիգի անօրինական վաճառքի խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև ավելի է խճճվել: Հիմա պատասխանատուներն անգամ չեն արձագանքում լրագրողների ահազանգերին, լրագրողները չգիտեն՝ ո՞ւմ հասցեին քննադատությունն ուղղեն և ումի՞ց պատասխանատվություն պահանջեն։ Իսկ լրագրողները դեռ, ինչքան էլ ոմանք չուզեն, հանրության ձայնն են ու հանրային պահանջի պատվեր կատարողները։

Ի դեպ, շատ կարևոր հանգամանք. նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանված արտակարգ դրությամբ և մի շարք սահմանափակումներով պայմանավորված՝ այսօրվա դրությամբ Հայաստանի բոլոր մարզերն ուժեղացված կարգով վերահսկվում են ճանապարհային ոստիկանության կողմից, և մի մարզի բնակիչները չեն կարող ազատ, առանց կարևոր պատճառաբանության ելումուտ ունենալ այլ մարզեր: Մեզ գոնե այսպես հավաստիացնոմ են: Բայց Սևանի սիգի անօրինական վաճառքի դեպքում ստացվում է, որ այդ խստացումը չի գործում, քանի որ ձուկը վերավաճառողները ամեն օր ազատորեն տեղաշարժվում են Հայաստանի տարբեր մարզերով: Դատելով Նարինե Կիրակոսյանի գրառման տակ արված մեկնաբանություններից, սիգն անգամ Արցախ է հասնում: Այսինքն՝ սիգի վաճառողները կորոնավիրուսի հնարավոր տարածողներ չե՞ն, թե Սևանի ձուկը որսացողներին ու վաճառողներին ապահովագրում է այդ վտանգից:

Ի դեպ, այսօր ինքս արձանագրեցի, որ Հարավարևմտյան թաղամասում նույնպես սիգ են վաճառում, երբ ես մոտեցա վաճառողներին, միայն մանրաձուկն էր մնացել, որի լուսանկարները տեղադրված են հոդվածում: Վաճառողից հետաքրքրվեցի՝ որտեղի՞ց են ձուկը բերում: Ասաց, որ Սևանից քիչ առաջ բերված ձուկ է: Ճանապարհները բաց են, կարո՞ղ եք ազատ ձուկ տեղափոխել և բերել Երևան՝ զարմանքս չթաքցրեցի ես: Կինն էլ հպարտորեն պատասխանեց՝ հենց մեզ կարելի է: Իսկ կողքին կանգնած տղամարդն էլ, երեք մատները միմյանց քսելով, ասաց՝ սրան մուննաթ: Այսինքն՝ փողին մուննաթ: Հիմա դատեք ինքներդ՝ Հայաստանում կոռուպցիա կա, թե ոչ, և քանի գերատեսչությունում է այդ կոռուպցիան, Սևանի սիգի անօրինական որսը վերահսկող քանի՞ կառույց կա, նրանց նշել ենք այս հոդվածում, և փաստացի այսօր բոլորն էլ անգործության են մատնված, ինչի մասին վկայում են ձկան վաճառքի բազմաթիվ, համատարած դեպքերը: Հիմա ես իրավունք ունե՞մ մտածելու, որ այդ տղամարդու մատների շոշափման արդյունքից նաև այդ կառույցներում են օգտվում, ճանապարհը վերահսկողներից բացի:

Թագուհի Ասլանյան