Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին առնչվող Փաշինյանի «թռիչքը» դեռ շատ երկար է տևելու…

Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր մանիպուլյատոր, հայտնի ստախոս ու բանսարկու, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում պատասխանեց նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերաբերյալ հարցին:

Ինչ-որ մեկը տեղեկատվական ասպարեզ էր նետել մի լուր, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, տարածել այդ լուրը, կամ արդեն ուրիշներն էին այն տարածել: Հնարավոր է, Նիկոլի պատվերով նրա որևէ թիմակցի կողմից ինչ-որ ԶԼՄ-ում կամ սոցիալական ցանցում միտումնավոր էր հրապարակվել իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը, որպեսզի հետո Փաշինյանը փութաջանորեն հերքելով այն, հանրության ուշադրությունն անհերքելի փաստերից և բուն խնդրից շեղի: Սա, ընդհանրապես, հայտնի հնարք է:

Հնարավոր է նաև, որ ինչ-որ մեկը բարեխիղճ չի եղել և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, հայկական ավիաընկերությունների թռիչքներին առնչվող ինչ-որ բան իմանալուց հետո, չի պարզել իրականությունը և հապշտապ հրապարակել է սխալ տեղեկատվություն, որից կառչելով, Փաշինյանն իր վերոնշյալ լայվի ընթացքում դարձյալ փորձեց նույնն անել` հերքելով այն, շեղել հանրության ուշադրությունն անհերքելի փաստերից և բուն խնդրից: Երկու դեպքում էլ Փաշինյանի արձագանքի իմաստը, նպատակը նույնն է:

Այո, ճիշտ է ասում Փաշինյանը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից, որովհետև այդ նույնն է, թե ասենք` մեր նախարարությունը կամ կառավարությունը զրկվել է լիցենզիայից: Նշված մարմինների լիցենզավորման կարգ գոյություն չունի, հետևաբար լիցենզիա չստացածը, չունեցողը չի կարող զրկվել դրանից: Բայց Հայաստանի ու նրա բնակչության համար ի՞նչ տարբերություն` եվրոպական համապատասխան կառույցը հիշյալ կոմիտեին լիցենզիայից զրկելո՞վ է արգելել հայկական, ավելի ճիշտ, հայաստանյան գրանցում ունեցող ավիաընկերությունների թռիչքները Եվրոպա, թե առանց դրա…

Փաստն այն է, որ արգելել է, նրանք զրկվել են դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից, ՀՀ բնակչությանը ու մեր երկրի ռազմավարական շահերին հսկայական վնաս է պատճառվել Նիկոլ Փաշինյանի կադրային, մեղմ ասած, սխալ քաղաքականության, այնուհետև չնայած Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի երիտասարդ և անփորձ նախագահի` Տաթևիկ Ռևազյանի հասցեին բազմաթիվ քննադատություններին, նրա նկատմամբ Փաշինյանի հովանավորչական վերաբերմունքի հետևանքով: Փաշինյանին հիշեցնենք, որ հովանավորչությունը նույնպես կոռուպցիայի դրսևորումներից մեկն է:

«Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում մենք ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրապա չվերթներ կատարելու իրավունքից, և շահարկողները իզուր են շահարկում, որովհետև ես կարծում եմ, որ սա կոնկրետ այ էն պետական մարմինների սաբոտաժի մասին որ խոսում էի, այ էդ սաբոտաժի դեպքերից մեկն է,- իր վերոնշյալ ֆեյսբուքյան լայվի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:- Եթե դուք հիմա նայեք Կապանի իմ ասուլիսը, ես էնտեղ խոսել եմ Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ, ում գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել, և որոնց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ… Սա նոր պատմություն չի, որովհետև երկար տարիներ, օրինակ, Հայաստանում ինչ է տեղի ունեցել. երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները, հայաստանյան գրանցումով ինքնաթիռներ աֆրիկյան երկրներում զբաղվել են, ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ` զենքերի վաճառքի մեջ և այլն, և այլն, և դա կապ ա ունեցել հայաստանյան շատ կառույցների, ոչ թե կառույցների, կոռումպացված` ենթադրաբար, շրջանակների հետ, և երբ որ երկար տարիներ այդ ամեն ինչը թաքցվել է: Եվ շատ հետաքրքիր փաստ. այս փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել, ես Կապանի ասուլիսում դրան մի թեթև անդրադարձա: Նաև պաշտոնյաների կողմից` քաղաքացիական ավիացիայի, ենթադրվող կոռուպցիոն պատճառներով թաքցվել են նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից, և այս ամեն ինչի արդյունքում մենք ունեցել ենք այս պատմությունը»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնյաներն ի՞նչն են ենթադրվող կոռուպցիոն պատճառներով  թաքցրել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից, ինչի կամ, Փաշինյանի ասելով, «այս ամեն ինչի արդյունքում ունեցել ենք այս պատմությունը», նրանք աֆրիկյան երկրներում զենքերի վաճառքի և ապօրինի այլ գործունեության մեջ հայաստանյան գրանցումով ինքնաթիռների անձնակազմերի ներգրավված լինե՞լն են թաքցրել… Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր մանիպուլյատոր Փաշինյանի խոսքի համատեքստում հենց դա է հասկացվում: Այդ դեպքում Փաշինյանը, կարծում եմ, զրպարտում է, հերյուրանք տարածում և ջուր լցնելով Ադրբեջանի, Թուրքիայի և մեր մյուս թշնամիների ջրաղացին, վարկաբեկում Հայաստանի Հանրապետությունը, որի ոչ ու բարով ղեկավարն է: Լինելով նույնիսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, նա պարտավոր էր ու պարտավոր է բերանը բացելուց առաջ մտածել, թե ինչ է ասելու, իսկ գուցե հենց մտածելո՞վ է ասել` դրսևորելով ազգադավ գործունեություն կամ շարունակելով այն:

«Այլ հոդվածներով՝ այդ թվում՝ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին առնչվող քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված չէ». ահա սա՛ է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը վերոնշյալի վերաբերյալ «Yerevan.today» կայքի ապրիլի 7-ի այն հարցին, թե արդյոք ապօրինի զենքի տեղափոխման վերաբերյալ տվյալներ կա՞ն, թե ոչ, ինչի մասին նախօրեին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լայվի ընթացքում։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կատարված ստուգման և ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (նախկինում՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության) համապատասխան պաշտոնատար անձինք  2016թ., 2017թ., 2018թ., 2019թ.-ին պաշտոնական՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ, ինչպես նաև  կազմել են կեղծ փաստաթղթեր:

Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասի հատկանիշներով հարուցված  քրեական գործի նախաքննությունը 01.02.2020 թվականից իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Այսպիսով ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին առնչվող միակ գործը, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասի հատկանիշներով, այլ հոդվածներով, այդ թվում՝ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), կամ թմրանյութերի վաճառքի, ապօրինի տեղափոխման հատկանիշներով քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված չէ:

Նշենք նաև, որ Հայաստանում որևէ պետական մարմնի, համենայն դեպս, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սաբոտաժի վերաբերյալ որևէ քրեական գործ հայտնի չէ, նշված կոմիտեի կամ, թեկուզ, նրա աշխատակիցների սաբոտաժի որևէ փաստ իրավապահ մարմինների, դատարանի կողմից առ այսօր ոչ միայն ապացուցված չէ, այլև ընդհանրապես չի քննվում:

Անշուշտ, դեռ որոշ հարցեր կան պարզելու և հրապարակման նախապատրաստվող շատ փաստեր կան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին առնչվող Փաշինյանի «թռիչքը» դեռ շատ երկար է տևելու…

Արթուր Հովհաննիսյան