Ֆրանսիան կարանտինը կերկարաձգի

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ապրիլի ութի երեկոյան հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մինչև ապրիլի 15-ը հայտարարված կարանտինային ռեժիմը կերկարաձգվի, գրում է rfi.fr կայքը։
Նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հեռուստաուղերձում ժողովրդին կհայտնի կարանտինային ռեժիմի երկարաձգման ժամկետները, ինչպես նաև կպատմի կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ գործարկվելիք այլ միջոցառումների մասին։
Մակրոնը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամից հետո երեք անգամ է ուղերձ հղել ժողովրդին․ մարտի 12-ին և 16-ին՝ Ելիսեյան պալատում իր գրասենյակից և մարտի 25-ին՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Մյուլուզ քաղաքի հիվանդանոցներից մեկից։
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 950 դեպք, որից 10 869-ը՝ մահվան ելքով։ Տեղեկությունների համաձայն՝ վերջին մեկ օրում հիվանդանոցներում նկատվել է մահվան դեպքերի նվազում․ գրանցվել է  մահացության 541 դեպք։  Հիվանդությունից երկրում ապաքինվել է 21 254 մարդ։
Վերջին տեղեկությունների համաձայն ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 521 116մարդ, որից 88 565-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 331 355 մարդ։

Աղբյուրը՝ Թերթ.ամ