Վրաստանում այսօր աշակերտները կհանգստանան

Վրաստանում ապրիլի 9-ը հանգստի օր կլինի նաև հեռավար ուսուցման դեպքում: Այս մասին հայտարարել են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

«Ապրիլի 9-ը սգո օր է և միշտ եղել է ոչ աշխատանքային, հետևաբար, ճիշտ այնպես, ինչպես դպրոցները չէին աշխատում նախկինում, այնպես էլ հեռավար ուսուցման ժամանակ դասեր չեն հեռարձակվի»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 30-ից Վրաստանի Առաջին ալիքի եթերում մեկնարկել է «հեռուստադպրոց» նախագիծը:

1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը խորհրդային զորքերը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ցրեցին խաղաղ բողոքի ակցիան, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ, հազարավոր քաղաքացիներ վիրավորվեցին:

Դեպքերից երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը։

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրվեց որպես ողբերգության և միևնույն ժամանակ անկախության վերականգման օր: