Հարուցված վարույթներ ունենք շաքարի, կարագի, հավի ձվի գների հետ կապված. Գեղամ Գևորգյան

Ամենօրյա մոնիթորինգ ենք անում և սպառման ենթակա ապրանքային շուկաներում այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում ոչ թե համեմատած փետրվար ամսվա հետ, այլ մարտ ամսվա բարձրացված գների համեմատ: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, երբ վարչապետը տեղեկատվություն խնդրեց գնաճի վերաբերյալ:

«Գների աճման միտումը տեղավորվում է մեկից մինչև չորս տոկոսի սանդղակում, և գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, և օրինակ՝ շաքարավազը այս տարվա փետրվարին եղել է 230, ապրիլի 8-ի դրությամբ՝ 255 դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում արժեցել է 338 դրամ»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը և նշեց, որ նույն տրամաբանությամբ նաև կարագի գներն են:
«Գների տեմպը և այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակություն, և ամենաբարձր կոնկրետացվածություն ունեցող շուկաներում բավականին աճել է այդ մրցակցությունը, արդյունքում կարծես թե օգտվում է սպառողը»,-ասաց նա:
Գեղամ Գևորգյանը նաև ներկայացրեց բենզինի գները և նշեց, որ երեկ օրինակ ռեգուլյարը 310 դրամ է եղել, իսկ 2018 թվականին՝ 450:
«Հարուցված վարույթներ ունենք շաքարի, կարագի, հավի ձվի գների հետ կապված, գործընթաց ենք սկսել ձեթի, հավի մսի, ալյուրի, ցորենի և մի շարք շուկաներում, և եթե որևէ իրավախախտում լինի, ապա մենք զգուշացրել ենք, որ արտակարգ դրության ժամանակ իրավախախտումները հանձնաժողովի կողմից կդիտարկվեն որպես ծանրացնող հանգամանք և պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ 2019 թվականին և 2020 թվականին բազմաթիվ ուղղություններով գնանկումային երևույթներ է եղել և գնաճի մասին խոսելիս պետք է արձանագրել դա:
«Եթե հանկարծ մենք փորձենք արհեստական միջամտություն անել գների նկատմամբ, շուկայում կունենանք դեֆիցիտ, ուղղակի գործարանները կդադարեն ապրանքներ ներկրել: Այստեղ կա երկու եզր, առաջինը, որ արհեստական միջամտություն չլինի և երկրորդ՝ իրավիճակից գերշահույթներ ստանալու երևույթներ չլինեն»,-ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ ՀՀ-ն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկեր չեն նկատվել, այնինչ դա կա նույնիսկ զարգացած երկրներում: