Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի չարձանագրված, «այսբերգի» չերևացող մասը

Քանի՞սն է, որ պատկերացում ունեն սրա մասին

Իշխանությունը բռնազավթած և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մի կողմից կարծես պայքարում է Հայաստանում իր մեղքով հայտնված նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ, մյուս կողմից շարունակում է հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել ու բթացնել ՀՀ բնակչության շրջանում վտանգի զգացողությունը:

Ավելին. Փաշինյանի թիմի հայտնի անդամները, ներառյալ` ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, Փաշինյանի համապատասխան ենթականերն ու նրանց ենթականերն իրենց որոշ գործողություններով և անգործությամբ վարվում են ճիշտ հակառակ կերպ` կարծես նպատակ ունենալով նպաստել նշված վարակի տարածմանը:

Այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ Փաշինյանը տեղեկացնելով, որ «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից», հայտարարել է. «Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին»:

Նախ մի փոքրիկ ճշտում. վերոնշյալ 28 դեպքը ոչ թե այսօրվա, այլ ապրիլի 7-ի առավոտվանից մինչև այսօր առավոտ գրանցված դեպքերն են: Ինչ վերաբերվում է Լավատեսությանը, ապա այն, իհարկե, լավ բան է, սակայն եթե բնակչության առողջության և անվտանգության հարցերում անհիմն է կամ խարսխված է խաբուսիկ հենքի վրա, վերածվում է անիրատեսության, իրականությունից կտրվելու և չարիքի, դառնում է վտանգավոր: Խնդիրն այն է, որ վերոնշյալ 28 դեպքը հայտնաբերվել է ընդամենը 311 թեստավորման արդյունքում, մինչդեռ եթե օրվա ընթացքում, ասենք, 1500 թեստավորում կատարվեր, միանգամայն հնարավոր է, որ մեկ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասներ մոտ 140-ի:

Փաստն այն է, որ Հայաստանում մինչ այժմ իրականացված թեստավորումների քանակը, ի տարբերություն բազմաթիվ երկրների, շատ քիչ է` ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի իրական տարածվածության մասին բավարար պատկերացում կազմելու համար: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացմամբ, մինչ ապրիլի 8-ի առավոտյան SARS-CoV-2-ով վարակվածության հաստատված դեպքերը, ընդհանուր առմամբ, 881-ն են, բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Ստացվում է, որ նոր կորոնավիրուսով անձի վարակված լինելը հաստատելու կամ ժխտելու նպատակով, Հայաստանում մինչ այժմ իրականացվել է, ընդհանուր առմամբ, 5452 թեստավորում: Եթե նկատի ունենանք, որ առաջին հաստատված դեպքի մասին տեղեկատվությունը հրապարակվեց մարտի 1-ին, իսկ այսօր ապրիլի 8-ն է, ապա անցած 38 օրվա ընթացքում իրականացվել է օրական միջինում ընդամենը 143, 5 թեստավորում, ինչը չնչին ցուցանիշ է, առավել ևս` 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրում մինչ այժմ SARS-CoV-2-ով վարակվածության արդեն 881 հաստատված դեպքի արձանագրման պարագայում:

Նույն գրառման մեջ նշելով, որ այսօր առավոտվա դրությամբ հիվանդանոցում գտնվողները 758-ն են, Փաշինյանը տեղեկացրել է, որ «Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի»: Սա նշանակում է, որ մեր շրջապատում կան, ուղղակի չեն կարող չլինել նոր կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձինք, որոնք ջերմություն չունենալով, նույնիսկ չեն էլ կասկածում, որ վարակված են SARS-CoV-2-ով, և դուրս գալով տանից, վարակում են բազմաթիվ այլոց: Նրանք կհայտնաբերվեին միայն թեստավորման պարագայում, սակայն իրականությունն այն է, որ նույնիսկ ջերմություն, ընդ որում, անգամ բարձր ջերմություն, հազ ունեցողներից ոչ բոլորին է, որ թեստավորում կամ անցած ժամանակաընթացքում թեստավորել են, եթե նրանք արտերկրից եկած կամ նոր կորոնավիրուսով հաստատապես վարակված անձի հետ անմիջականորեն շփված (ձեռքսեղմում, համբուրվել, գրկախառնում) չեն եղել:

Եթե նկատի ունենանք նաև, որ բազմաթիվ դեպքերում սխալ արդյունք տված ռապիդ թեստերով (էքսպրես թեստ) ստուգվելուց և բացասական արդյունքի ստացումից հետո (իբրև վարակված չեն) շատուշատ մարդիկ, որպես առողջ և անվտանգ, բաց են թողնվել, ապա հնարավոր կլինի ավելի ամբողջական պատկերացում ունենալ Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի չարձանագրված մասի վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմի կողմից հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով   չինական «Hunan Machinery and Equipment Imp. and Exp. Corporation» կազմակերպությունից 738 000 ԱՄՆ դոլարով (մոտ 365 մլն դրամ) մարտի վերջին գնված և COVID-2019-ի ախտորոշման համար նախատեսված 60 000 հավաքածու ռապիդ թեստերի անորակության, համենայն դեպս, մի շարք դեպքերում սխալ արդյունքներ տված լինելու խնդրին առանձին հրապարակմամբ դեռ կանդրադառնանք:

Ինչպես արդեն նշել ենք ապրիլի 6-ի մեր «Մի թերագնահատեք նոր կորոնավիրուսով վարակումից բխող վտանգը, հետո շատ եք զղջալու» հոդվածում, Փաշինյանը նկատի ունենալով ապրիլի 6-ին և 7-ին արձանագրված SARS-CoV-2-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակը, ասել է, որ եթե մենք առաջիկա օրերին ունենանք դեպքերի դինամիկայի նվազում, «կնշանակի, որ երկուշաբթի օրվանից արդեն հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացումների մասին»: 168. am-ի հետ զրույցում Փաշինյանի լավատեսությունը, սակայն, չի կիսում նաև համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Եթե մենք կարողանանք ամեն օր 1000 կամ 2000 թեստ անցկացնել և արդյունքում ունենալ 11 կամ 20 վարակակիր, ապա կարող ենք հույս ունենալ, որ հաջողվել  է համաճարակի ողնաշարը կոտրել: Նոր դեպքերը, Աստված գիտի, թե որքան են, որովհետև մեր երկրում մեծ քանակով թեստավորում չի արվում, ինչն արվել է, օրինակ, Գերմանիայում, Սինգապուրում: Օդակաթիլային կամ կաթիլային ճանապարհով տարածվող այս վարակի տարածման տեմպը շատ արագ է, և խոսել օրական 200-300 թեստի և վարակի տեմպի մասին, սխալ է: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք մարզերում որքան մարդ ունենք, որոնք չեն ենթարկվել թեստավորման: Մի ամբողջ կոմպլեքս վերլուծություն է  պետք անել, սկսած ջերմողների թվից՝ մինչև թոքաբորբով  հիվանդներ, որից հետո նոր կկարողանանք խոսել համաճարակի տեմպերի մասին»,- ասել է Հովհաննիսյանը:

Էդուարդ Հովհաննիսյանը խնդրահարույց է համարել նաև նմուշառության իրականացման ընթացքը և նկատի ունենալով Հայաստանում իրականացված նմուշառումը` ցուցադրված հեռուստատեսությամբ, ասել .

«Տեսանյութի մեջ երևում է, որ նմուշ վերցնում են փայտյա շպատելի միջոցով, որի ծայրին ամրացված է բամբակ: Սա չի համապատասխանում միջազգային չափանիշերին, ըստ որոնց՝ շպատելը պետք է լինի պլաստմասսե, իսկ ծայրին ամրացված լինի ոչ թե՝ բամբակ, այլ՝ վիսկոզ: Վիրուսոլոգիայի մեջ բամբակն առաջացնում է կեղծ բացասական պատասխանների հավանականություն: Եթե մեզ մոտ նմուշառման համար օգտագործում են բամբակ, ապա մենք ունենք խնդիր նաև նմուշառության հարցում»:

Մասնագետի վերոնշյալ դիտարկումից ու հայտնած տեղեկությունից պարզ է դառնում, որ Հայաստանում այսօր կարող են լինել նոր կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձինք, որոնք նույնիսկ ստուգվել են լավորակ թեստով, սակայն բացասական արդյունքի ստացումից հետո համարվել չվարակված ու չմեկուսացվել:

Արթուր Հովհաննիսյան